ՀՍՀ/ԹԱՄԱՄՇՅԱՆ ԹԱՏՐՈՆ
ԹԱՄԱՄՇՅԱՆ ԹԱՏՐՈՆ, առաջին թատերական շենքն Անդրկովկասում (ճարտ.՝ իտալացի Սկուդերի): Կառուցվել է 1846—1851-ին, Երևանյան հրապարակում (այժմ՝ Թիֆլիսի Լենինի անվ. հրապարակ), Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Գաբրիել Թամամշյանի միջոցներով: Շենքն ունեցել է արևելյան ոճ, որի ինտերիերը ձևավորել են նկարիչներ Գագարինը և Տրոշչինսկին, հարդարանքի իրերը՝ ջահեր, մոմակալներ, ժամացույց, բերվել են Փարիզից, Պետերբուրգից և Մոսկվայից: Բացումը կատարվել է 1851-ի ապրիլի 12-ին՝ պարահանդես-դիմակահանդեսով, իսկ նոյեմբ. 9-ին տասնվեց իտալացի արտիստներից բաղկացած Բարբիերիի օպերային խումբը տվել է առաջին ներկայացումը: Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամմերմար» օպերան: Սկզբնական շրջանում կատարվել են նաև Վերդիի «Էռնանի», Ռոսինիր «Սևիլյան սափրիչ», Բելլինիի «Նորմա» օպերաները: Թ. թ-ում ներկայացումներ են տվել 1846-ից Թիֆլիսում գործող ռուս. և 1850-ին սկզբնավորված վրացական դրամատիկական խմբերը: 1852-ին տրվել է առաջին բալետային ներկայացումը՝ տեսարան Շնայցհոֆֆերի «Սիլֆիդա» բալետից: 1862-ի հունվ. 3-ին, Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ» ներկայացումով, իր գործունեությունն է սկսել Թիֆլիսի հայկ. դերասանական խումբը: Այստեղ հանդես են եկել Պ. Պռոշյանի, Գ. Չմշկյանի, Վ. Մամիկոնյանի ղեկավարած դերասանական խմբերը: Բեմադրվել են Գ. Սունդուկյանի, Մ. Պատկանյանի, Մ. Տեր-Գրիգորյանի, Ա. Սուխովո-Կոբիլինի, Ա. Օստրովսկու, Վ. Շեքսպիրհ, Ժ. Մոլիերի, Վ. Հյուգոյի պիեսները: Իրենց դերասանական արվեստն այդ թատրոնում են կատարելագործել Գ. և Ս. Չմշկյանները, Մ. Ամրիկյանը, Ք. Արամյանը, Ա. Սուքիասյանը, Ա. Մանդինյանը, Ս. Մատինյանը և ուրիշներ: Թատրոնում ելույթներ են ունեցել վրաց., հայկ., իտալ. դերասանական խմբեր, հյուրախաղերի եկած արտիստներ: 1871-ի ապրիլի 30-ին առաջին անգամ Թ. թ-ում է բեմադրվել Գ. Սունդուկյանի «Պեպո»ն: 1874-ի հոկտ. 1-ին, «Նորմա» օպերան սկսվելուց առաջ, Թ. թ. այրվել է:
Գրկ. Театр в Тифлисе с 1845—1856 г., Тифлис, 1888.
Բ. Հովակիմյան
