Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԱՆՅԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի 4(16).3.1878, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար)—20.2.1936, Երևան, հայ սովետական ճարտարապետ: Ճարտարապետության ակադեմիկոս (1914): ՀՍՍՀ ժող. ճարտարապետ (1926): 1904-ին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտ. բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով: Թ-ի առաջին աշխատանքը Պետերբուրգի հայոց եկեղեցու (XVIII դ., ճարտ.՝ Յու. Ֆելտեն) վերականգնումն է (1904—06): 1907—1913-ին Պետերբուրգում, Ցարսկոյե Սելոյում (ք. Պուշկին), Յարոսլավլի և Օրյոլի նահանգներում կառուցել է շենքեր, ստեղծել վերակառուցումների և ճարտ. հարդարման նախագծեր: Նախահեղափոխական շրջանի գործերից առավել ուշագրավ են՝ Կոչուբեյի առանձնատանը Ցարսկոյե Սելոյում (1911—12), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911 —13, արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի, 1914), Մոսկվա—Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913—17), որտեղ օգտագործված են դասական և XVIII—XIX դդ. սկզբի ռուս. ճարտ. ձևերը ինքնատիպ մեկնաբանումով և վերամշակումով: Նախագծել է նաև այլ շենքեր, որոնք չեն իրականացվել, այդ թվում՝ Անիի թանգարանը (1908): 1917-ին Թ. եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ վիցե-պրեզիդենտի իրավունքներով: Արվեստին վերաբերող հայացքների ընդհանրության շնորհիվ նա բարեկամացել է ռուս նշանավոր ճարտ-ներ Ա. Շչուսևի, Ի. Ֆոմինի, Վ. Շչուկոյի, Ի. ժոլտովսկու հետ, որ շարունակվել է հետագայում Թ-ի՝ Հայաստանում աշխատելու տարիներին: 1919-ին Թ. տեղափոխվել է Երեվան, 1921-ին՝ Իրան: 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բեղմնավոր և եռանդուն գործունեություն: Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց 1923-ից՝ որպես հանրապետության ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա պետպլանի նախագահի տեղակալ, զբաղվել X տարբեր խնդիրներով (շինանյութերի արդյունաբերություն, ճանապարհների շինարարություն, ճահիճների չորացում, մելիորատիվ աշխատանքներ են): Թ. եղել է ժողկոմխորհին կից Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավարը (1923-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը (1923-ից): Նրա ճարտ. առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հազար բնակչի համար, ՀՍՍՀ ժողկոմխորհը հաստատել է 1924-ի ապրիլին): Նոր հատակագիծը սովետական քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից է: Այն Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմք է և հատկանշում է Թ-ի քաղաքաշինական գաղափարների կենսունակությունն ու առաջադիմական էությունը: Թ. պարբերաբար անդրադարձել է Երևանի հատակագծին, մշակել, կատարելագործել է այն: 1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագիծը, որը մնացել է անավարտ: 1925—33-ին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի (Էջմիածին), Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Սովետաշեն) և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացվել: Ռուսաստանում և Հայաստանում Թ-ի կառուցած շենքերը, ընդհանուր գծերի հետ մեկտեղ, ունեն սկզբունքային տարբերություններ՝ թելադրված նոր հասարակարգի խնդիրներով, Հայաստանի յուրահատուկ պայմաններով, ճարտարապետական ավանդույթներով: Թ. հատուկ նշանակություն է տվել Հայաստանի բազմազան քարերին, որոնք իրենց հատկություններով, այլ գործոններով հանդերձ, թելադրել են շենքերի կառուցվածքները, ճարտ. ձևերն ու հարդարանքը: 1920—1930-ական թթ. ճարտ. տարբեր ուղղությունների (ժամանակակից ճարտարապետների ընկերություն, Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորում) ներկայացուցիչները մերժում էին Թ-ի ստեղծագործական ուղղությունը, սակայն նա հաստատակամ ու աննահանջ հետևել է իր ստեղծագործական սկզբունքներին: Երևանում Թ-ի նախագծերով կառուցվել են տարբեր տիպի շենքեր՝ աստղադիտարանը (1930—35), բժշկական ինստ-ի անատոմիկումը (1926—33), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստ-ները (1927—32), Այղր լճի ջրհան կայանը (1925), հանրային գրադարանը (1932—38): Թ., որպես սովետական ճարտ. խոշոր վարպետ և հայ նոր ճարտ. հիմնադիր, ճանաչվել է այնպիսի գործերով, ինչպես Երևանի գլխավոր հատակագիծը, Երևանի առաջին հիդրոկայանը (1923—26), Հայկական ՍՍՀ Կառավարական տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926—29, հետագայում՝ Կառավարական տուն, 1932—41), օպերայի և բալետի թատրոնը (1926—53): Հիդրոկայանի շենքը Թ-ի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործորեն օգտագործել և զարգացրել է հայ ճարտ. ավանդույթները: Հիդրոկայանի շենքը ճարտ. ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է: Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը նոր տիպի շինություններ են, նորարարական մի շարք կողմերով: Օպերայի և բալետի թատրոնի շենքի հիմնական առանձնահատկությունը բեմի հակադիր կողմերին երկու դահլիճներ տեղադրելու գաղափարն է, դահլիճների և բեմի տրանսֆորմացիայի հնարավորությունը: Այս շենքերի նախագծերի մի շարք մտահղացումներ կառուցելիս չեն իրականացվել: Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Լենինի հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատրոնի շրջակա տարածության կառուցապատման: Կառավարական տան համար Թ-ին ետմահու շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ (1942): Օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937-ի համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ (Grand prix): Ծավալային միասնական մշակումը, արտահայտիչ միջոցներով լուծված ներքին տարածությունները, մոնումենտալ ու գեղեցիկ ճարտ. ձևերը, ներդաշնակ և նուրբ համաչափությունները այդ կառույցների բնորոշ արժանիքներն են, որ հատուկ են ճարտ. դասական երկերին: Հայ ճարտ. ծավալատարածական և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասների անկրկնելիության և բազմազանության սկզբունքը, կառուցվածքի և զարդաքանդակի փոխադարձ կապի բնորոշ յուրօրինակությունը նոր մեկնաբանություն և որակ են ստացել Թ-ի կառուցած շենքերում: Թ-ի կառույցներում ճարտ. ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով: Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թ. մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թ. նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում: Թ-ի ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտ. մի դպրոց, որն իրավամբ կոչվում է Թամանյանական:

Գրկ. Աւեքսանդր Թամանյան, հոդվածներ, Փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին. կազմ. Ա ծնթգր. Լ. Ջորյան, Ե., 1960: Հարությունյան Վ., Ալեքսանդր Թամանյան, Ե., 1958: Բաբայան Լ., Կառավարական տունը և Լենինի հրապարակը, «ՍԱ», 1958, 12: Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե., 1964: Яралов Ю., Таманян, М., 1950 История советской архитектуры, М., 1962 Арутюнян В., Асратян М., Меликян А., Ереван, М., 1968 Всеобщая история архи тектуры, т. 12, кн. 1, М., 1975 Мастера советской архитектуры об архитектуре, т. 1, М., 1975.

Լ. Զորյան