ՀՍՀ/ԹԱՄԹԱ
ԹԱՄԹԱ, Թամթա Զաքարյան (ծն. և մահ. թթ. անհտ.), Խլաթի ամիրայության կառավարիչ՝ 1245-ից: Իվանե Ա աթաբեկի դուստրը: Քաղ. նպատակներով 1210-ին կնության է տրվել Խլաթի ամիրա Աուխադին (Կուզ). որով Զաքարյանները բարեկամական հարաբերություններ են հաստատել Էյուբյանների հետ: Կուզի մահից հետո նրա եղբայր Աշրափն է ամուսնացել Թ-ի հետ, որի շնորհիվ Թ-ին հաջողվել է թեթևացնել հայերից գանձվող հարկերը, պահպանել բարեկամական հարաբերությունները հարևան հայ իշխանական տների հետ: 1230-ին Թ-ին գերել և նրա հետ ամուսնացել է Հայաստան ներխուժած Խորեգմի շահ Ջալալադդինը՝ նպատակ ունենալով դրանով իսկ վավերացնել նվաճումները: 1231-ին Ջալալադդինին հաղթած մոնղոլները Թ-ին ուղարկել են Կարակորում, որտեղ նա մեծ ղանի արքունիքում ապրել է 14 տարի: Վրաց. գահաժառանգության խնդրով Կարակորում մեկնած Ռուսուդան թագուհու դեսպան Համադոլը, հանգամանքներից օգտվելով, միջնորդել է Թ-ի համար, որը 1245-ին ազատվել և մեծ ղանի հրովարտակով (յառլիկ) ստացել է իշխելու իրավունք Խլաթի ամիրայության տիրույթներում: Թ. խնամիական և քաղ. հարաբերություններով կապված է եղել Հայաստանի հս-արլ. մասում իշխող տների հետ:
Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Վ. Վարդանյան
