Jump to content

ՀՍՀ/ԹԱՆԱԴԵ ՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆԱԴԵ ՎԱՆՔ, Թանատի վանք, ճարտարապետական հուշարձան, միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն, Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հվ-արլ.: Պատմիչները հիշատակում են VIII դարից: Վանքի գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273—79-ին Պռոշյանների հովանավորությամբ: Գմբեթավոր է, արտաքուստ՝ ուղղանկյուն ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով: Պատերը սրբատաշ մուգ-կապտավուն բազալտից են: Արլ. ավանդատները երկհարկանի են, երկրորդ հարկի մուտքերը բեմից են: Գմբեթակիր կամարները նստում են անկյունային կիսասյուների վրա: Գմբեթի վերասլաց թմբուկը (ներսից գլանաձև, դրսից 12-նիստանի) ավարտվում է հովհարաձև վեղարով: Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով: Հվ. պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ: Հուշարձանին հս-ից կից է վանքի Վարագա Ս. Նշան միանավ մատուռը (XIII դ.): Այն կիսավեր Է. քանդված են ծածկը և արլ. կողմը: Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը: 1970-ի պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հվ. մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII—XIV դդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արմ-ում՝ գավիթ: Եկեղեցին (XIII դ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս. Նշան եկեղեցիներին: Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը:

Մ. Հասրաթյան