ՀՍՀ/ԹԱՆԱՀԱՏ
ԹԱՆԱՀԱՏ, ճարտարապետական հուշարձան Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանի Արևիս գյուղից հյուսիս: V դ. վանք, կրոնական կենտրոն, որը Տաթևից հետո իր նշանակությամբ Ս. Օրբելյանը համարում է Սյունիքում երկրորդը: Խիստ ավերված պահպանվել է Ս. Ստեփանոս նախավկա միանավ եկեղեցին: Աղոթասրահը (6,75 UX 13,5 մ) վերջավորվում է պայտաձև հատակագծային կտրվածք ունեցող աբսիդով, որի եզրակամարը շեշտված պայտաձև է և ատամնաշարով զարդարված: Հվ-ից, որտեղից և միակ մուտքն է, եղել է սյունասրահ (պահպանվել են սյուների բներն ու խոյակները), որը վերջավորվում է աբսիդին հաղորդակից թաղածածկ սենյակով: Խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Ճարտ. մանրամասերը ոճով արխաիկ են: Ալիշանը, հենվելով Ս. Օրբելյանի տվյալների վրա, եկեղեցու կառուցումը թվագրում է 491-ին: Թ-ի եկեղեցին սրահով միանավ տիպի հուշարձանների լավագույն օրինակներից է: Թ-ի շրջապատում կան XIII—XVII դդ. խաչքարեր, դրանից արմ.՝ չմշակված քարերից գետնափոր կացարան, որն ուշ միջնադարում վերածվել է դամբարանի: 1975-ի պեղումներից այստեղ հայտնաբերվել է ուրարտ. սեպագիր արձանագրությամբ բեկոր:
Գրկ. Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Սահինյան Ա., Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե., 1955: Մ. Հասրաթյան
