ՀՍՀ/ԹԱՆԱՔ
ԹԱՆԱՔ, գրելու համար գործածվող ներկանյութերի ջրային լուծույթներ, որոնց ավելացնում են թանձրացնող և հականեխիչ նյութեր: Ըստ նշանակության լինում դպրոցական, գրասենյակային և հատուկ, ըստ գույնի` սև, կապույտ, կանաչ, կարմիր, մանուշակագույն ևն: Փաստաթղթերի համար գործածվող բադդանյան Թ. պարունակում է 8,4 բադան (մոնղոլական թեյ), 1,0 աղաթթու, 1,5 կապույտ ներկ, 0,1 ֆենոլ և 89 ջուր, ինքնահոսների կապույտ Թ.՝ 0,8 ներկ (մեթիլկապույտ), 3,9 էթիլենգլիկոլ (կամ գլիցերին), 0,4 շաքար, 0,3 ֆենոլ և 94,6 թորած ջուր: Ստույգ տվյալներ չկան, թե երբ և որ երկրում են առաջին անգամ գործածել Թ.: Հայտնի է միայն, որ Եգիպտոսում 3500 տարի մ.թ.ա. օգտագործվել են Թ. և պապիրուս: Հին հույները Թ. պատրաստել են թթվեցրած գինուց և փղոսկրի մրից: Թ. հայ մատենագրության մեջ կոչվել է մելան (հուն. սևադեղ): Հայաստանում գործածվել է երկու տեսակի Թ.՝ բուսական և քիմ., որոնք դարերի ընթացքում պահպանել են իրենց գույնը: Էրեբունիի պեղումների ժամանակ շենքերի պատերին հայտնաբերված կանաչ, կապույտ, վարդագույն, ծիրանագույն և մուգ բալի գույնի որմնանկարները վկայում են, որ մ. թ. ա. VIII դ. Թ. (ինչպես նաև տարբեր ներկեր) Հայաստանում արդեն կիրառվել են որմնանկարչության մեջ: Վարպետները Թ. պատրաստել են սկզբում մրի և խեժի լուծույթների խառնուրդից, ապա գխտորի ու նռան կեղևի լուծույթի մեջ մտցրել են շիկացած երկաթ կամ լուծույթը եռացրել երկաթի խարտուկի հետ, ի վերջո, երկաթը փոխրինել են երկաթի արջասպով: Կարմիր Թ. ստացել են որդան կարմրից, լայքայից, տորոնից, աղբրաց արյուն ծաղկից, քրքումից կամ դրանց խառնուրդներից, մանուշակագույնը՝ որդան կարմրից, մանուշակագույնը ևն, կանաչը՝ շուշան և հիրիկ ծաղիկներից, կապույտը՝ ինդիգոյից: Որպես սոսնձանյութ օգտագործել են տարբեր խեժեր: Կարմիր Թ. կիրառվել է զարդագրերի ու խորագրերի համար, ինչպես նաև էրանով են գրել թագավորները և կաթողիկոսները: XVIII դ. գործիչ Եղիա Կարնեցու «Գիրք արհեստից» աշխատության (1720) մեջ և քիմ. բովանդակությամբ ժողովածուներում կան տարբեր տեսակի Թ-ի պատրաստման դեղատոմսեր:
Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973:
