Jump to content

ՀՍՀ/ԹԱՆԱՔԱՁՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆԱՔԱՁՈՒԿ (Sepia), տասնոտանիների կարգի գլխոտանի Փափկամորթների սեռ: Մարմինը երկարավուն է (մինչև 25 u մ), բաժանված գլխի և իրանի: Կողքերին ունի լողակներ, բերանի շուրջը՝ ութ «ձեռքեր», որոնք կրում են ծծիչներ: Ծայրերում լայնացած երկու ավելի երկար «ձեռքերը» ծառայում են որսը բռնելուն: Իրանը ծածկված է թիկնոցով, որի տակ գտնվում է խեցին: Թանաքագեղձի (ուղիղ աղիքի հավելված) արտադրած սեկրետը՝ սեպիան, ինքնապաշտպանության միջոց է, ջուրը գունավորում է և ապակողմնորոշում թշնամուն: Հատակային կյանք է վարում, լողում է դանդաղ: Ապրում է տաք և արևադարձային ծովերում: Միսն օգտագործվում է որպես սննդանյութ: Թանաքագեղձի սեկրետը կիրառվում է գեղանկարչության մեջ որպես կայուն, մուգ դարչնագույն ներկանյութ: