Jump to content

ՀՍՀ/ԹԱՆԳԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆԳԱՐԱՆ, գիտական, գիտալուսավորական հիմնարկություն, որը կոմպլեկտավորում, պահպանում, ուսումնասիրում, մասսայականացնում է բնապատմական, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների սկզբնաղբյուրները: Թ-ների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ և գրավոր աղբյուրներ, արվեստի ստեղծագործություններ: Ժամանակակից գիտական դասակարգմամբ թևերը տարբերվում են ըստ տիպերի և պրոֆիլների: Ըստ տիպերի լինում են հետազոտական-գիտալուսավորական, հետազոտական և ուսումնական, ըստ պրոֆիլի՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի: Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքսային Թ-ները: Թ-ների նախատիպերը երևան են եկել մարդկային հասարակության զարգացման այն փուլում, երբ առարկաների բնատիպերը սկսել են պահպանել ոչ թե կիրառական-տնտեսական նշանակության կամ նյութական արժեքների համար, այլ որպես վավերական, հուշային վկայականներ և գեղագիտական արժեքներ: Այդպիսիք էին, օրինակ, Հին Եգիպտոսի տաճարներում եղած հավաքածուները (մ. թ. ա. III հազարամյակ), կնոսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ. թ. ա. XVI դ.), Նինվեի պալատի գրադարանը (մ. թ. ա. VII դ.) ևն: Արվեստի հուշարձանների պահպանումը և դրանց կենտրոնացումը Թ-ներում Եվրոպայում սկսվել է Վերածննդի շրջանում և առավել զարգացել XVI—XVII դդ. նախ՝ Իտալիայում, ապա՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Արեմտյան Եվրոպայի այլ երկրներում: Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները՝ կունստկամերները: Այդ շրջանում են ստեղծվել նաև անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուն Ֆլորենցիայում (Լ. Մեղիչի, XV դ.), Հռոմում (Վատիկանի թանգարաններ, XVI դ.), Դրեզդենում (Ա. Սաքսոնսերի, XVI դ.) ևն: Կապիտալիստական երկրներում ներկայումս գործող Թ-ների զգալի մասն ստեղծվել է մասամբ XVIII դ., հիմնականում՝ XIX դ.: Դրանցից են Բրիտանական թանգարանը Լոնդոնում (1753), Լուվրը Փարիզում (1793), Պրադոյի գեղարվեստի Թ. Մադրիդում (1819), Մետրոպոլիտեն թանգարանը Նյու Յորքում (1870), Գեղարվեստա-պատմական Թ. Վիեննայում (1891) ևն: Թ-ների զարգացած ցանց ունեն (1970) ԱՄՆ-ը (մոտ 2000 Թ.), Իտալիան (ավելի քան 1200 Թ.), Ֆրանսիան (մոտ 1000 Թ.), Մեծ Բրիտանիան (մոտ 1000 Թ.), ԳՖՀ-ն (ավելի քան 800 Թ.): Ռուսաստանում հարուստ հավաքածուներ են եղել Վլադիմիրի Տրոիցե Սերգիևյան, Կիևի, Կիևո-Պեչորյան վանքերում և Նովգորոդի Ս. Սոֆիայի տաճարում: XV-XVII դդ. կազմավորվել են Մոսկվայի Զինապալատի հավաքածուն U Պատրիարքարանի հուշարձանների ավանդատունը: Հետագայում գեղանկարչական և քանդակագործական հավաքածուներ են կենտրոնացվել Ցարսկոյե Սելոյում, Պետերգոֆում, Գատչինայում, Պավլովսկում և այլուր: 1719-ին Պետերբուրգում բացվել են ռուս, առաջին մասսայական Թ.՝ Կունստկամերան, 1756-ին՝ Հրետանային պատմության Թ. և 1764-ին՝ Էրմիտաժը: Ավելի ուշ կազմակերպվել են Տրետյակովյան պատկերասրահը (1856), Գյուղատնտեսական Թ. (1859), Ռուսաստանի պատմության Թ. (1872), Պոլիտեխնիկական Թ. (1872), Ռուսական Թ. (1898): Հայաստանում Թ-ների նախատիպեր կային դեռևս ուրարտ. շրջանում (մ. թ. ա. IX—VI դդ.): Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում՝ Մուսասիրում, Էրեբունիում (Արին-բերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուցված տաճարները Հայաստանի սկզբնական այն հաստատություններն էին, որոնցում հավաքվում էին արվեստի հնագույն կոթողները: Հետագայում այդպիսի ավանդատներ դարձան հին հայկ. հեթանոսական տաճարները և արքայական պալատները: Նշանավոր էր Երեզ (Երիզա-Երզնկա) ավանի Անահիտ դիցուհուն նվիրված մեհյանը: Միջնադարյան Հայաստանում երևան եկան իսկական Թ-ներ: Հովհաննես Դրասխանակերտցին IX—X դդ. իր «Հայոց պատմության» մեջ (X դ.) երեք տիպի Թ. է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական: Մեծ վանքերը՝ Սանահինը, Հաղպատը, Հավուց թառը ունեին հատուկ գանձատներ: Հայկ. Թ-ների կազմակերպման գործը զգալի չափով ընդյայնվեց XIX դ.: 1846-ին Երեվանի գավառական դպրոցին կից Խ. Աբովյանը հիմնեց Հայկական հնությունների կաբինետ: Թ-ներ կազմակերպվեցին Վասպուրականի Վարագա վանքում (1858), Էջմիածնում (1868), Երուսաղեմի և Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկում (Մխիթարյաններ) և այլուր: XIX դ. վերջին և XX դ. սկգբին Էջմիածնում հիմնվեց Հայրիկյան Թ., Թիֆլիսում՝ Ագգագրական-հնագիտական Թ. (1907—1908, 1921—1922-ին տեղափոխվեց Երևան), Անիի Թ. (1904—1909): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Թ-ները վերածվեցին համաժողովրդական սեփականության: 1917—18-ին ՌՍՖՍՀ կառավարության դեկրետներով և որոշումներով ազգայնացվեցին մասնավոր խոշոր Թ-ները, սահմանվեց Թ-ների և հուշարձանների պահպանման, ցուցակագրման և պետական հաշվառման միասնական կարգ, արգելվեց արվեստի ստեղծագործությունների փոխադրումը արտասահման: Հետագայում ստեղծվեց միասնական պետական թանգարանային ցանց, որը նպաստեց նրա քանակական աճին: 1920-ին երկրում գործում էին 394, 1941-ին՝ 991, 1972-ին՝ 1190 պետական և հասարակական հիմունքներով գործող բազմաթիվ դպրոցական ու ժողովրդական Թ-ներ: ՄՍՀՄ-ում խոշորագույններից են՝ Վ. Ի. Լենինի կենտրոնական, ՍՍՀՄ հեղափոխության կենտրոնական, Սովետական բանակի կենտրոնական, Ա. Մ. Պուշկինի անվ. կերպարվեստի, Մ. Ի. Գլինկայի անվ. երաժշտական կուլտուրայի կենտրոնական և այլ Թ-ներ: ՀՍՍՀ-ում գործում է 42 պետական Թ. (1975-ի վերջ): Խոշորագույններն են՝ Հայաստանի հեղափոխության թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը և Հայաստանի պետական պատկերասրահը: Թ-ների մեծ մասը գտնվում է կուլտուրայի մինիստրության տնօրինության ներքո, որը որոշում է դրանց զարգացման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները: Թ-ների գործունեության տեսական հարցերը և գիտական մեթոդիկայի հիմունքները մշակում են միութենական հանրապետությունների կուլտուրայի մինիստրություններին, Գլխավոր Թին և ՌՍՖՍՀ կուլտուրայի մինիստրության կուլտուրայի ԳՀԻ-ի թանգարանային բաժնին առընթեր մեթոդական կենտրոնները: Սովետական Թ-ների մեծ մասին բնորոշ է հետազոտական և կուլտուր-դաստիարակչական ֆունկցիաների միասնությունը: Ընդարձակ և բազմազան է թանգարանային ցանցը սոցիալիստական մյուս երկրներում: 1970-ական թթ. Սկգբին ԳԴՀ-ում եղել է 552, ՉՍՍՀ-ում՝ 416, ԼԺՀ-ում՝ 335, ԲԺՀ-ում՝ 146, ՀԺՀ-ում՝ 185, ՌԱՀ-ում՝ 293, ՀՖԱՀ-ում՝ 302 Թ.: 1970-ական թթ. սկզբներին աշխարհի Թ-ների թիվը կազմել է ավելի քան 12 հզ.: Աշխարհի Թ-ները միավորվում են միջազգային կազմակերպություններում: ՑՈԻՆԵՄԿՕ-ի կազմում գործում է Թանգարանների միջազգային խորհուրդը, որի մեջ մտնում են Թ-ների ազգային կոմիտեները, այդ թվում սովետական կոմիտեն: Տես նաև Պատկերասրահ:

Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Միջնադարյան Հայաստանի թանգարանները, գանձատուները և ավանդատուները, «Անդաստան», 13, 1962: Նույնի, Հայաստանի թանգարանների պատմությունից, «ԼՀԳ», 1972, 10: Новые музеи (Обзор), М., 1973, Центр научно-технической информации по гражданскому строительству и архитектуре. Серия «Общественные здания»Вг awn е М., Neue Museen, Stuttgart, 1965.

Ս. Ամիրյան