Jump to content

ՀՍՀ/ԹԱՆԶԻՄԱԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆԶԻՄԱԹ (արաբ, բարեփոխություններ, բարենորոգումներ, թուրք, tanzimat), Օսմանյան կայսրությունում 1839-ից մինչև 1870-ական թթ. ընդունված չափավոր-առաջադիմական բարենորոգումների անվանումը: Նպատակ ուներ կասեցնել օսմ. ֆեոդ, կարգերի ճգնաժամը, բարելավել վարչական կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգային-ագատագրական շարժումները և կայսրության հետագա քայքայումը: Թ-ի առաջին շրջանն սկսվել է 1838-ի նոյեմբ. 3-ին, Գյուլհանեի Հաթթը շերիֆի հրապարակումով, որը նախապատրաստել էր արտաքին գործերի մինիստր Մուստաֆա Ռեշիդ-փաշան: Սահմանում էր կայսրության բոլոր հպատակների կյանքի, ունեցվածքի և պատվի անձեռնմխելիություն՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, հարկատվության կարգի կանոնավորում՝ ըստ ունեցվածքի, զինվորական ծառայության, դատական գործի կարգավորում ևն: Բարենորոգումների ծրագիրը հանդիպեց կենտրոնախույս ուժերի կատաղի դիմադրությանը և հիմնականում մնաց թղթի վրա: 1856-ի Փարիզի կոնգրեսում արմ. տերությունների ճնշմամբ ընդունվեց բարենորոգումների նոր հրովարտակ՝ Հաթթը հումայունը, որով սկսվեց Թ-ի երկրորդ շրջանը: Հաթթը հումայունը, թեև հիմնականում կրկնում էր Հաթթը շերիֆը, լրացուցիչ արտոնություններ էր նախատեսում կայսրության քրիստոնյա հպատակներին (հոգևոր խորհուրդներ ընտրելու թույլտվություն ևն): Թեև Թ. գավառահայության սոցիալ-քաղ. կյանքում էական փոփոխություններ չմտցրեց, այնուամենայնիվ, որոշակիորեն նպաստեց գաղութահայ (Կ. Պոլիս, Ջմյուռնիա) հասարակական-քաղ. կյանքի աշխուժացմանը: 1840-ական թթ. հայ արհեստավորությունն ու նորաստեղծ բուրժուազիան պայքարի ելան ազգի ներքին գործերի ղեկավարման մենաշնորհը վայելող ամիրայության դեմ (Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի ճեմարանի շուրջը ծավալված պայքարը): Թ. վերահաստատում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքի՝ պետության և ազգի միջնորդի իրավունքը: 1844-ին ստեղծվեց Ազգային ժողովը, որը 1847-ի մայիսի 20-ին Աբդուլ Մեջիդ սուլթանի հրովարտակով վերակազմվեց Ազգային հոգևոր և գերագույն ժողովների: Բ. դուռը հաստատեց (1863) մոտ մեկ տասնամյակ տևած պայքարով ձեռք բերված հայոց Ազգային սահմանադրության թեկուզև կիսով չափ կրճատված տարբերակը: 1850-ական թթ. մինչև 70-ական թթ. սկիզբը Օսմանյան կայսրությունում շարունակվում էին հրապարակվել օրենքներ, որոնց նպատակն էր կյանքի կոչել Թ-ի հիմնական սկզբունքները: Սակայն Աբդուլ Համիդ II (1876—1909) վերջ տվեց Թ-ի շրջանին: Երկրում հաստատվեց համիդյան բռնատիրությունը (տես «Զուլում»):

Հ. Ղազարյան