ՀՍՀ/ԹԱՆԹՐՎԵՆԻ
ԹԱՆԹՐՎԵՆԻ (Sambucus), կտտկենի, այծատերևազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Փոքր ծառեր, թփեր, հազվադեպ բազմամյա խոտաբույսեր են: Աճում են բարեխառն և մերձարևադարձային շրջաններում: Տերևները բարդ են, կենտ փետրաձև, հակադիր, ծաղիկները՝ կանոնավոր խմբված խիտ ծաղկաբույլերում. պտուղը՝ մսալի, հատապտղանման կորիզապտուղ է: Հայտնի է մոտ 40 տեսակ, ՍՍՀՄ-ում՝ 11: Առավել տարածված են 3-ը: Սև Թ. (Տ. nigra) բարձր թուփ է կամ փոքր ծառ, պտուղները մուգ մանուշակագույն սև են, օգտագործվում են գինիները գունավորելու և մուսկատի համ տալու համար: Պարունակում են գլիկոզիդներ, վիտամին C: Սովորական կամ կարմիր Թ. (Տ. racemosa) դեկորատիվ է: Խոտային Թ. (Տ. ebulus) 0,5—1,5 մ բարձրության խոտաբույս է: Սև և խոտային Թ-ների ծաղիկներից պատրաստված թուրմը կամ թեյն օգտագործվում է որպես քրտնաբեր, միզամուղ և տտպող դեղամիջոց, թուրմը՝ նաև ողողումների և շերմաթրջոցների համար: ՀՍՍՀ-ում աճում է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Շամշադինի, Ստեփանավանի անտառներում:
Պ. Սերոբյան
