ՀՍՀ/ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ, տարասեռ կազմով միներալային մարմինների խումբ: Բաժանվում է բուն Թ. ք-ի (Փայլաքարերի) և զարդաքարերի: Թափանցիկ, առավելապես կարծր (5—10 ըստ միներալոգիական սանդղակի), գունավոր կամ անգույն, պայծառ փայլով միներալներ կամ ավելի հաճախ բյուրեղներ են, որոնք երեսակվում են: Նրանց հստակ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ արտացոլվող ճառագայթների խաղն ուժեղանում է բազմաձև կոդավորման շնորհիվ: Կարծրությունը երաշխիք է Թ. ք-ի կայունության, կոդավորման սուր անկյունների ու եզրերի և ողորկման պահպանման: Զարդաքարերը գունագեղ, կիսաթափանցիկ, հաճախ անթափանց, հրաշալի ներփակումներով, գեղեցիկ երանգներով և նախշերով քարեր են. օգտագործվում են զարդարման, խոշոր գեղարվեստա-դեկորատիվ շինվածքների (սեղանների, ծաղկամանների, խճանկարների ևն) պատրաստման համար կամ տեխ. նպատակներով: Ըստ Ա. Ե. Ֆերսմանի և Մ. Բաուերի դասակարգման, Թ. ք. բաժանվում են երեք կարգի՝ առաջին (ալմաստ, շափյուղա, ռուբին, զմրուխտ, ալեքսանդրիտ, քրիգոբերիլ, ազնիվ շպինել, էվկլազ, մարգարիտ), երկրորդ (տոպազ, բերիլ, վարդագույն տուրմալին, ամեթիստ, պիրոպ, ուվարովիտ, ազնիվ օպալ), երրորդ (փիրուզ, լեռնային բյուրեղապակի, ծխամած քվարց, բաց գույնի ամեթիստ, սերդոլիկ, լուսնաքար, սաթ ևն): Զարդաքարերը, որոնք կարող են լինել և կարծր (5 և բարձր ըստ միներալոգիական սանդղակի), և փափուկ (կարծրությունը 4 և պակաս), նույնպես ստորաբաժանվում են երեք կարգի՝ առաջին (նեֆրիտ, լազուրիտ, սոդալիտ, ամազոնիտ, մալախիտ, ռեդոնիտ), երկրորդ (օնիքս, օձաքար, ֆլյուորիտ, օբսիդիան, քարաղ), երրորդ (գիպս, մարմար, ալեբաստր, բազմագույն երեսպատման քարեր ևն): Թ. ք-ի հանքավայրերը գենետիկորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (ալմաստ, պիրոպ), գրանիտային պեգմատիտների (բերիլ, զմրուխտ, աքվամարին, տոպազ, տուրմալին, ամագոնիտ) բյուրեղացման հետ, առաջանում են հանքային ջրերից (օպալ, լեռնային բյուրեղապակի, ամեթիստ, փիրուզ, ագատ, մալախիտ), ինչպես նաև մետամորֆային և կոնտակտ-մետամորֆային հանքավայրերում (ռուբին, սապֆիր, լազուրիտ, նռնաքարերև): Թ. ք-ի խոշոր հանքավայրեր կան ՍՍՀՄ-ում (Ուրալ, Ալթայ, Անդրբայկալ, Սիբիր ևն), Հարավային Աֆրիկայում, Ասիայում: ՀՍՍՀ-ում հայտնի են Սարիգյուղի (Իջևանի շրջանում) ագատի, Մերձերևանյան հասպիսի և օբսիդիանի, ինչպես նաև բազմերանգ տուֆերի, մարմարների, օնիքսի, գունավոր կոնգլոմերատների հանքավայրեր: Հասպիսի, օբսիդիանի և այլ զարդաքարերի բազմագույն ու բազմանախշ տարբերակների առկայությամբ ՀՍՍՀ տարածքը ՍՍՀՄ ամենահարուստ վայրերից է: Թ. ք. կիրառվում են ճշգրիտ մեքենաշինության, սարքաշինության, ռադիոարդյունաբերության մեջ, հորատման և ոսկերչական գործում, գեղարվեստա-դեկորատիվ նպատակներով ևն: Մարդիկ դեռևս վաղ անցյալում գնահատել են հազվադեպ և գունագեղ քարերի գեղեցկությունը և օգտագործել իբրև պերճանքի միջոցներ: Եվրոպայում Թ. ք-ի հղկմանը տիրապետել են վաղ միջնադարում՝ քարի արտաքին կեղտոտված և խունացած շերտը հեռացնելով և բյուրեղը հանքանյութից զատելով: Մշակված քարերով զարդարել են զանազան իրեր: Բարդ նիստերով ալմաստի հղկման համար առաջինը Հոլանդիայում օգտագործվեց ալմաստի փոշի (1456-ին): Պետրոս I-ի հրամանով 1725-ին Պետերբուրգում հիմնադրված ֆաբրիկայում («Ալմաստի աղաց») սկզբում հղկում էին միայն գունագեղ քարեր, իսկ դարավերջին՝ պատրաստում նաև ագատից և հասպիսից դեկորատիվ առարկաներ: Դեռևս բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհի բնակիչները պատրաստել են ագատից, կարմիր (մուգ և բաց) ու վարդագույն սարդիոնից, սաթից, (գիշերաքար) ամուլետներ և սկավառակաձև, գնդաձև, նշաձև ուլունքներ, որոնք, ենթադրվում է, որ հղկվել են շփմամբ: Լճաշենի պեղումներից գտնվել են նաև փիրուզով զարդարված կոճակներ: Սիջնադարյան Հայաստանում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն օգտագործել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պերճանքի առարկաներ (մատանի, ականջօղ, ապարանջան, գոտի, վզնոց ևն) զարդարելու համար: XVII դ. մատենագիր Առաքել Դավրիժեցին նկարագրում է մի շարք թանկարժեք և կիսաթանկարժեք քարնր (կայծ, զմրուխտ, հասպիս, լալ, լաջվարդ, մարգարիտ, բուստ, ադամանդ, փիրուզ ևն), որոնց վերագրելով մոգական ուժ (բարի, չար, բուժիչ ևն), օգտագործել են իբրև հմայիլներ:
Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ-պատ, 1884, էջ 454—60: Ферсман А. Е., Очерки по истории камня, т. 1, М., 1954 Петров В. С, Драгоценные и цветные камни, М., 1963.
Ա. Քոչարյան, Վ. Ալեքսանյան
