ՀՍՀ/ԹԱՆՂԻԵՎԱ-ԲԻՐԶՆԻԵԿ
ԹԱՆՂԻԵՎԱ-ԲԻՐԶՆԻԵԿ (իսկական ազգանունը՝ Բեկ-Մելիք Թանղիեվա) Ելենա Ալեքսանդրովնա 13(26). 4.1907, Թիֆլիս—31.7.1965, Ռիգա, լատվիական սովետական բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ: Ծագումով հայ: Լատվիական ՍՍՀ ժող. արտիստ (1956): 1924-ին ավարտել է Պետրոգրադի պարարվեստի ուսումնարանը (Ա. Ցա. Վահանովայի դասարան): 1924—1927-ին եղել է Լենինգրադի օպերայի և բալետի, 1927—37-ին՝ Լատվիական օպերայի (Ռիգա) թատրոնների բալետային խմբերի մենակատարուհի, 1956—65-ին՝ Լատվիական ՍՍՀ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր: Դերապարերից են՝ Գյուլնարա (Ադանի «Կորսար»), Այնա (Յա. Մեդինի «Սիրո հաղթանակը»), բեմադրություններից են՝ Մինկուսի «Դոն Կիխոտ», Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», Գլազունովի «Ռայմոնդա», Ռավելի երաժշտությամբ «Բոլերո», Գրինբլատի «Ռիգոնդա», Բալասանյանի «Շաքունթալա» բալետները:
Ծ. Համբարձումյան
