ՀՍՀ/ԹԱՇՃՅԱՆ ՆԻԿՈՂԱՅՈՍ
ԹԱՇՃՅԱՆ Նիկողայոս (1841, Կ. Պոլիս—9.9.1885, Կ. Պոլիս), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր, մանկավարժ: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գ. Երանյանին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսությունը: ՜Հեղինակել է հայրենասիրական երգեր, որոնք երգվել են նաև Արեվելյան Հայաստանում (մի քանիսը հետագայում երգչախմբի համար բազմաձայնել են Կոմիտասը և Մ. Եկմալյանը): Մասնակցել է պոլսահայության շրջանում երաժշտական արվեստի տարածմանը, կարդացել հանրամատչելի դասախոսություններ, 1861—63-ին աշխատակցել Գ. Երանյանին՝ հրատարակելու «Քնար հայկական» հանդեսը, 1875-ին եղբոր՝ Հակոբ Թ-ի հետ լույս է ընծայել «Նվագք օսմանյան» կիսամսյա թերթը: 1879-ից եղել է Մայր եկեղեցու երաժշտապետը: Պոլսահայ մամուլում հանդես է եկել ուսումնասիրական հոդվածներով («ժամանակ», Կ. Պոլիս, 1864, N 34, 46): Նրա մեծագույն ծառայությունը հայկ. հոգևոր երգերի վերաձայնագրությունն է: Խազերի բանալին կորչելուց հետո XIX դ. շարականները և մյուս երգերը վերաձայնագրելու բազմաթիվ ձեռնարկումներից միայն Ե. Տնտեսյանի և Թ-ի փորձերը հասցրին արդյունքի (երկուսն էլ Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ): Թ. այդ երգերը գրի է առել 1873-ին, Էջմիածնում, Մ. Եկմալյանի և Պ. Ճեպեճյանի օգնությամբ, հրատարակվել են «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի» (1874), «Զայնագրեալ շարական հոգեւոր Եբգոց… Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877) ծավալուն հատորներով: Եղել են այդ ձայնագրության իսկությունն ընդունող և բացասող տեսակետներ: Ներկայումս ապացուցված է, որ Թ-ի գրի առած բազմաթիվ եղանակներում խազային նոտագրությունից շատ բան պահպանվել է առանց զգալի փոփոխության: Թ-ի հատորները ներկայացնում են V—XV դդ. հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մի պատկառելի բաժինը՝ ժանրերի ու ձևերի բազմազանությամբ, և ունեն գիտական ու գեղարվեստական հսկայական արժեք: Առանձին նշանակություն ունի նաև նրա «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց»ը (1874), որտեղ հեղինակը, Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ համակարգը բացատրելուց բացի, ամփոփում է հայ երաժշտության հին տեսության հիմնական դրույթները, մասնավորապես բացահայտում լադային համակարգի հատկանիշները: 1874-ին Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում Թ. պատրաստել է երաժիշտների մի խումբ, որոնք նոր հայկ. նոտագրությունը և դրանով գրի առնված երաժշտությունը տարածել են տարբեր վայրերում: Կ. Պոլսում նրա աշակերտներից աչքի են ընկել Ա. Բժշկյանը, Գ. Մեհտեսյանը, Ռ. Ճիվանյանը, Տ. Քերեսթեճյանը:
Գրկ. Տնտեսյան Ե., Նկարագիր երգոց…, ԿՊ, 1874: Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Հիսարլյան Ա., Պատմություն հայ ձայնագրության…, ԿՊ, 1914: Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959: Թահմիզյան Ն., «Արարատ»ն m երգ-երաժշտության հարցերը, «էջմիածին», 1968, 11-12, 1969, 3-5: Кушнарев X. С., Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.
Ռ. Աթայան
