Jump to content

ՀՍՀ/ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐ, օսետրայիններ (Acipenseridae), կռճիկային գանոիդների խմբի ձկների ընտանիք: Դունչը երկարացած է, ատամներ չունեն: Մարմնի վրա կան 5 շարք (1-ը մեջքին, 2-ական կողքերին) ոսկրային գոյացումներ՝ «բզեզիկներ»: Բերանի ներքին շրթունքին ունեն 4 բեղիկ: Ներքին կմախքը կռճիկային է, առանց ողների: Կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է: Հայտնի է 4 սեռ (23 տեսակ), թառափներ, բահաքթեր, կեղծ բահաքթեր, թիաքթեր: Տարածված են Հս. կիսագնդում: Ամենախոշոր թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ: Բազմանում են միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում: Ձվադրում են գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում են ջրի հատակին: Թ-ի մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում (թիաքթեր, կեղծ բահաքթեր, ամերիկյան և լճային թառափներ), մյուս մասը կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով: Սեռահասուն են դառնում կյանքի 8—10 տարում: Սնվում են մանր ձկներով, հատակային անողնաշարավոր կենդանիներով: Արժեքավոր արդյունագործական ձկներ են, ունեն համեղ միս (10-15 ճարպ է պարունակում) և արժեքավոր ձկնկիթ՝ սե խավիար: ՍՍՀՄ-ում տարածված են Կասպից և Ազովի ծովերում, որտեղ 1914-ից բուծվում են նաև արհեստական եղանակով: Թ-ի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում ՍՍՀՄ-ին: