Jump to content

ՀՍՀ/ԹԱՎԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՎԻՇ, մախմուր, երեսի կողմից թավ, փափուկ, կարճ (1—2 մմ) ուղղաձիգ խավով գործվածք: Խիտ հենքը բնական մետաքսից կամ քիմ. մանրաթելից է, աստառաթելերը կամ միջնաթելերը բամբակյա են, երբեմն՝ մանված մետաքսից: Թավշե գործվածքներում օգտագործվում են նաև ոսկյա և արծաթյա թելեր: Բարձր խավով հենքային Թ. կոչվում է պլյուշ: Պատրաստվում է նաև միջնաթելային Թ. (կիսաթավիշ, վելվետ): Թ. լինում է տարբեր գույների: Օգտագործվում է հագուստի և դեկորատիվ նպատակների համար: Միջնադարում Թ. տարածված է եղել հիմնականում Իտալիայում և Կոստանդնուպոլսում: Միջնադարյան Հայաստանում պատրաստված Թ. օգտագործվել է մեծ մասամբ եկեղեցու վարագույրների, ծածկոցների և հոգևորականների զգեստների համար: XVIII դ. Լազարյանների գործարանի (Մոսկվայի մոտ) արտադրած Թ-ով պաստառում էին ռուս, կայսերական պալատի պատերը: Այժմ առավելապես հայտնի է ֆրանս. Լիոն քաղաքի Թ.:

Ս. Դավթյան, Հ. Պողոսյան