ՀՍՀ/ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ հայկական, առաջին թատրոն-ստուդիան Թիֆլիսում հիմնել է Օ. Սևումյանը, երկրորդը, որպես «Աշակերտա-ուսանողական» ստուդիա-թատերախումբ՝ Ամո Խարազյանը: 1918-ին Հայկական գործերի կոմիսարիատի նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնադրվել է հայկ. դրամատիկական ստուդիա (ղեկ. Ս. Խաչատրյան, 1923-ից՝ Ռ. Սիմոնով): Դասախոսել են Կ. Ստանիսլավսկին, Ե. Վախթանգովը, Գ. Բուրջալովը, Ս. Խաչատրյանը, Հ. Օրբելին, Վ. Բրյուսովը, Ն. Մառը, Ա. Ջիվելեգովը, Գ. Տակուլովը, Հ. Գյուրջյանը: Այն Մոսկվայի բանվորական ակումբներում, ապա Հայաստանի քաղաքներում ցուցադրել է (1921 —24) ներկայացումներ: 1925-ին, Գ. Սունդուկյանի «Պեպո» ներկայացումով այդ ստուդիան ավարտել է իր գործունեությունը: 1919-ին Երևանում մասնավոր ստուդիա է բացել Վ. Միրզոյանը, որտեղ նրա հետ աշխատել են Ս. Մխիթարյանը, Գ. Լևոնյանը, Վ. Փափազյանը, Գ. Էդիլյանը, Մ. Աբեղյանը: 1926-ին Ռ. Սիմոնովը Մոսկվայում Հայկական կուլտուրայի տանը կից բացել է դրամատիկական երկամյա երկրորդ ստուդիան, որը 1928-ին, շրջանավարտ դերասան ռեժիսոր Թ. Սարյանի գլխավորությամբ, հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Ղարաքիլիսայում և Լենինականում: Ստուդիայի ուսանողների և տեղական ուժերով Լենինականում կազմակերպվել է Հայաստանի երկրորդ դրամատիկական թատրոնը (այժմ՝ Մռավյանի անվան): 1934-ին Ռ. Սիմոնովը Մոսկվայում հիմնադրել է երրորդ ստուդիան, իսկ 1940-ին՝ չորրորդը (վերջինս ընդհատեց իր աշխատանքը 1941-ին, Հայրենական պատերազմի պատճառով): Մոսկվայի դրամատիկական այդ ստուդիաները հայ թատրոնին տվել են պրոֆեսիոնալ ռեժիսորներ՝ Վ. Աճեմյան, Ա. Գուլակյան, Տ. Շամիրխանյան, Թ. Սարյան, Ս. Աբովյան, Կ. Ալվարյան, դերասաններ Ա. Մասչյան, Վ. Ստեփանյան, Ա. Մելիք, Մ. Քոչարյան, Մ. Կոստանյան և ուրիշներ: 1934-ին Երևանում Վ. Վարդանյանի ղեկավարությամբ կազմակերպվել է եռամյա թատրոն-ստուդիա (1938-ին միաձուլվել է Երևանի թատերական ուսումնարանին): Թ. ս. են գործել Հայաստանի Առաջին (1929-ից), Թբիլիսիի (1929-ից), Լենինականի (1929-ից), Բաքվի (1928-ից) հայկ. թատրոններին կից, ինչպես և Թբիլիսիի, Բաքվի Հայարտներում: 1965-ին Հայկ. թատերական ընկերությանը կից Հ. Ղափլանյանի ղեկավարությամբ կազմակերպվել է դրամատիկական ստուդիա, որը 1967-ից գործել է որպես ստուդիա-թատրոն, 1969-ից՝ Երևանի դրամատիկական թատրոն:
Ս. Սարգսյան
