ՀՍՀ/ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ (հուն, հանդիսավայր, ներկայացում), արվեստի տեսակ, որի գեղարվեստական արտահայտության ժամանակային ու տարածական ձևերը (գրական, գեղանկարչական, պարային-պլաստիկական, երաժշտական ևն) համադրված են բեմական գործողության հիմքի վրա: Թ. են կոչվում նաև հանդեսների, ներկայացումների ու համերգների համար նախատեսված շենքերը: Բեմական գործողությունը Թ-ի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի կրողը դերասանն է (տես Դերասանական արվեստ): Նորագույն Թ. բնութագրվում է նաև ռեժիսորական արվեստով: Ռեժիսորը ներկայացման ընդհանուր գեղարվեստական նկարագրի, նրա գաղափարա-ոճական ամբողջության ստեղծողն է: Պատմական զարգացման ընթացքում, որպես Թ-ի հիմնական տիպ և ունիվերսալ թատերական համակարգ, ստեղծվել է դրամատիկական արվեստը իր գաղափարա-բովանդակային հիմքով՝ թատերագրությամբ (տես Դրամա): Գրական տեքստի և բեմական գործողության օրգանական համադրությամբ ստեղծվում է գեղարվեստական մի նոր իրականություն, որը թատերական ներկայացումն է: Բայց Թ., որպես տարակառույց (սինկրետիկ) արվեստի երևույթ, պատմականորեն ավելի լայն է: Թատերական սինկրետիզմի տարրանջատյալներն են օպերան, որի գործողությունը ենթարկված է երգային-երաժշտական նյութին, բալետը, որի երաժշտությունն ու գեղանկարչությունը ծառայում են պարային-պլաստիկական բովանդակությանը, մնջախաղը, որի արտահայտչալեզուն զուտ պլաստիկական է, տիկնիկային թատրոնը, ուր գործողությունը միջնորդված է տիկնիկով, և կրկեսը, որտեղ գործողությունն ունի առավելապես պայմանական-էքսցենտրիկ«հրաշապատում» բնույթ: Թատերային մտածողության այս ձևերը զարգացման համեմատաբար ուշ շրջաններում (XVI—XVII դարերից) մշակվել են որպես բեմական արվեստի առանձին տեսակներ, և «Թ.» անվանումը վերագրվել է հիմնականում նրա դրամատիկական տիպին: Թատերական արվեստի նախատիպեր են համարվում հնազույն կրոնա-պաշտամունքային խաղերն ու արարողությունները, երգային-վիպական բանահյուսության ավանդման ձևերը, որոնք սկզբնապես զարգացել են Միջագետքի և առաջավոր-ասիական երկրներում (այդ թվում՝ Հայաստանում): Դրամայի և թատերական ներկայացման նախնական ձևն այստեղ խմբերգային բանաստեղծությունն է, որը գրական Թ-ի է վերաճում Հին Հունաստանում (մ. թ. ա. VI—V դդ.) և հասնում իր բարձրագույն ծաղկմանը (Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Արիստոֆան): Հին հունական դրամայի և Թ-ի տեսական սկզբունքների ընդհանրացումն է Արիստոտելի «Պոետիկան»: Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. III—I դդ.) Թ-ում խմբերգային տարրը նվագում է, և գործողությունն ստանում է ավելի շարժուն նկարագիր (Մենանդրոս): Հունական դրամայի անկումից հետո Թ. և դրամատուրգիան գարգանում են Հռոմում՝ ի դեմս քաղաքական ողբերգության և կենցաղային կատակերգության (Պլավտուս, Տերենցիուս), իսկ անտիկ Թ-ի հին ու նոր ձևերը տարածվում են Առաջավոր Ասիայում՝ Անտիոքում, Տարսոնում, Եդեսիայում, Արտաշատում, Տիգրանակերտում և այլուր: Հելլենիստական մշակույթի անկումով աստիճանաբար խզվում է գրականության ու Թ-ի կապը, և ձևավորվում միջնադարյան թատրոնը Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում (III—X դդ.): Միջին դարերում թատերական ինքնատիպ համակարգեր են զարգանում Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում: Հատկապես Հնդկաստանում ստեղծվում են ինքնատիպ դրամատուրգիա և դրամայի տեսություն («Նաթյա-շաստրա»): Սկսած X դարից շրջիկ հրապարակային Թ. լայն տարածում է ստանում Եվրոպայում. Ֆրանսիայում՝ ֆարսը, Իտալիայում՝ կոմեդիա դելլ արտեն: XII—XV դդ. Եվրոպայում մշակվում է նաև հոգևոր դրաման (միստերիա, մորալիե), որը մինչև XVI դ. մնում է գրական Թ-ի հիմնական տիպը: Թ-ի զարգացման նոր, բարձրագույն աստիճան է հատկանշում Վերածնության դարաշրջանը: Իտալիայում, Իսպանիայում, Անգլիայում վերաիմաստավորվում են անտիկ և հելլենիստական Թ-ի գեղագիտությունը և հումանիստական ոգին: Սերվանտեսի, Լոպե դե Վեգայի, հատկապես Շեքսպիրի պիեսներով գարգանում է գեղարվեստական նոր աշխարհայացք, որը որոշում է թատերական մտածողության ամբողջ հետագա ընթացքը: Շեքսպիրի դարաշրջանի անգլիական Թ. նախորդ դարաշրջանների գեղարվեստական փորձի խտացումն է: Եվրոպական Թ-ում բեմական մտածողության նոր՝ ռացիոնալիստական որակ են ստեղծում կլասիցիզմի և լուսավորականության դարաշրջանները: Ֆրանսիական կլասիցիզմը իր կատարյալ ծաղկմանն է հասնում հանձին Կոռնելի, Ռասինի, Մոլիերի դրամատուրգիայի և տալիս է դերասանական արվեստի բարձր օրինակներ (Մ. Բարոն, Ա. Լեկուվրյոր): Լուսավորական Թ. բնութագրվում է հիմնականում Դ. Դիդրոյի և Գ. Լեսսինգի պիեսներով ու դրամատիկական արվեստի տեսությամբ, 0. Բոմարշեի, Կ. Գոլդռնիի կատակերգություններով, դերասաններ Դ. Գարրիկի (Անգլիա), Ֆ. Շրյոդերի (Գերմանիա), Ֆ. Տալմայի, Մ. Դյումենիլի, Պրեվիլի (Ֆրանսիա) արվեստով: Ռոմանտիզմի դարաշրջանում՝ XIX դ. առաջին կեսին, Թ-ում մեծանում է դերասանի, որպես կենտրոնաձիգ ուժի, նշանակությունը, և սկսվում է անցյալի դրամատուրգիական երկերի, հատկապես Շեքսպիրի անհատական-դերասանական մեկնաբանությունների շրջանը: Դերասանի արվեստը ձեռք է բերում ռեալիստական միտում. կլասիցիստական խաղի մոնումենտալ պայմանական ոճը, լուսավորական ռացիոնալիզմը տեղի են տալիս ռոմանտիկական պաթոսին և մարդկային զգացմունքների ճշմարիտ վերարտադրությանը, որը դարավերջին հարստանում է հոգեբանական ռեալիզմի միտումներով: Այս շրջանի խոշորագույն դերասաններն են է. Քինը, Հ. Իրվինգը (Անգլիա), Ֆ. Լե-մեթրը, Ս. Բեռնարը (Ֆրանսիա), Ա. Ռիստորին, Թ. Սալվինին, է. Ռոսսին, Է. Դուզեն (Իտալիա), Պ. Մոչալովը, Մ. Շչեպկինը, Գ. Ֆեդոտովան (Ռուսաստան) և ուրիշներ: XIX դ. դերասանական արվեստը բնութագրվում է նաև ռոմանտիկական դրամատուրգիայի (Վ. Հյուգո, Ա. Դյումա), մելոդրամայի, սալոնային դրամայի (Է. Օժիե, Վ. Մարդու, Ա. Դյումա-որդի), ռեալիստական դրամատուրգիայի (Ա. Գրիբոյեդով, Ն. Գոգոլ, Ա. Օստրովսկի, Հ. Իբսեն, Բ. Շոու) զարգացմամբ: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ձևավորվում է նորագույն Թ., որին տոն և ուղղություն են տալիս իբսենի, Շոուի, Գ.Հաուպտմանի, Մ. Մետեռլինկի, Ա. Չեխովի, Մ. Գորկու և ուրիշների պիեսները, մյուս կողմից՝ ռեժիսուրայի զարգացումը (Ա. Անտուան, Ժ. Կոպո, Մ. Ռայնհարդ, Լ. Կրոնեկ, 0. Բրամ, Կ. Ստանիսլավսկի, Ա. Թաիրով): Ռեալիստական Թ-ի պատմության մեջ էտապային նշանակություն ունեն Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը և Ստանիսլավսկու դերասանական արվեստի տեսությունը, որոնց հետևողությամբ են ստեղծվել սովետական ազգային դերասանական դպրոցները: Սովետական Թ. նշանավորվում է Մ. Գորկու, Մ. Բուլգակովի, Լ. Լեոնովի, Կ. Տրենյովի, Ա. Կոռնեյչուկի, Ա. Աֆինոգենովի, Ա. Արբուզովի, Վ. Ռոզովի, Վ. Շուկշինի, Ա. Վամպիլովի և այլ հեղինակների պիեսներով, ռեժիսորներ Ե. Վախթանգովի, Վ. Մեյերխոլդի, Կ. Մարջանիշվիլու, Ռ. Սիմոնովի, Գ. Տովստոնոգովի, Յու. Միլտինիսի, Է. Սմիգլիսի, Յու. Լյուբիմովի, դերասաններ Մ. Չեխովի, Ի. Մոսկվինի, Ն. Խմելյովի, Ն. Չերկասովի, Վ. Մարեցկայայի, Ա. Տարասովայի, Մ. Ուլյանովի, Ի. Սմոկտունովսկու, Յու. Բորիսովայի, Ս. Յուրսկու և ուրիշների արվեստով: XX դ. արտասահմանյան Թ. զարգանում է ամենատարբեր գաղափարաոճական ուղղություններով: Այստեղ առանձնանում են հատկապես դրամատուրգներ Ժ. Կոկտոյի, Ժ. Անույի, Ա. Ադամովի, Ժ. Պ. Սարտրի, Ս. Բեկետի, Բ. Բրեխտի, է. Իոնեսկոյի, Թ. Ուիլյամսի, Վ. Սարոյանի, Է. Օլբիի և այլոց անունները: Ժամանակակից Թ-ի ոճին ուղղություն են տվել ու տալիս են ռեժիսորներ Շ. Դյուլլենը, Ժ. Պիտոևը, Ժ. Վիլարը, Պ. Բրուկը, դերասաններ Ջ. Գիլգոլդը, Է. Օլիվիեն, Պ. Սկոֆիլդը, Ժ. Լ. Բարրոն, Մ. Կագարեսը, Վ. Լին, Մ. Ռոբինսոնը, Պ. Բրասյորը, Մ. Ռենոն, Մ. Ռեդգրեյվը և ուրիշներ: Հայ իրականության մեջ, միջնադարից հետո, Թ. նորովի սկզբնավորվեց XVII—XVIII դդ. Լվովի հայկական կաթոլիկական դպրոցում և Վենետիկի Մխիթարյան դպրոցում (տես Դպրոցական թատրոն): Առաջին պրոֆեսիոնալ թատրոնական կազմակերպությունը Հայաստանում «Արամյան թատրոնն» է (1846), որից հետո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ. Պոլսում կազմակերպվել է «Արևեւյան թատրոնը» (1861) և Թիֆլիսում՝ «Հայոց թատրոնը» (1863): 1860—70-ական թթ. հայ բեմի վարպետներն են Ա. ՓաՓազյանը, Ս. Էքշյանը, Պ. Մադաքյանը, Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը, Ք. Արամյանը, Մ. Մնակյանը, Թ. Ֆասուլյաճյանը, Ե. Գարագաշյանը, Հ. Վարդովյանը, Ս. Չմշկյանը: Ռոմանտիկական ուղղությունը հայ Թ-ում բնութագրվում է Թ. Թերզյանի, Ս. Հեքիմյանի, Մ. Պեշիկթաշլյանի, հետագայում Պ. Դուրյանի թատերագրությամբ և թարգմանական պիեսներով (Վ. Հյուգո, Ա. Դյումա): Ազգային ռեալիստական խաղաոճի զարգացման մեջ առավել քան նշանակալից է եղել Գ. Սունդուկյանի դրամատուրգիան, որի դերը ավելի մեծացել է նաև հետագայում: 1880-ական թթ. և դարավերջի հայ դերասանական արվեստը հատկանշում են Դ. Թրյանցը, Ա. Հրաչյան, Սիրանույշը, Պ. Ադամյանը, Գ. Պետրոսյանը, որոնցից առանձնանում է Պ. Ադամյանի, որպես հայ բեմի խոշորագույն վարպետի անունը: Դարավերջի և XX դ. հայ Թ-ում մեծանում է ազգային դրամատուրգիայի նշանակությունը, բեմադրվում են Հ. Պարոնյանի, Ա. Շիրվանգադեի, Գ. Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Լ. Սանվելյանի, Լ. Շանթի պիեսները, խորանում է բեմական ռեալիզմը ի դեմս Հ. Աբելյանի, Սիրանույշի, Ս. Ադամյանի, Գ. Ավետյանի, Ա. Վրույրի, Օ. Մայսուրյանի և ուրիշների արվեստի: Դարի առաջին կեսի հայ մեծագույն դերասանը Վ. Փափազյանն է՝ Շեքսպիրի երկրորդ խոշոր մեկնաբանը՝ Պ. Ադամյանից հետո: 1900-ական թթ. ձևավորվում է հայ պրոֆեսիոնալ ռեժիսուրան (0. Սեումյան), որը հետագայում սովետահայ Թ-ում զարգացնում են Լ. Քալանթարը, Ա. Բուրջալյանը, Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը: Հայ սովետական Թ-ի վարպետներն են Հասմիկը, Ա. Ոսկանյանը, Մ. Մանվելյանը, Ս. Ջանանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Հ. Խաչանյանը, 0. Գուլազյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Զոհրաբյանը, Գ. Ջանիբեկյանը և ուրիշներ: Տես նաև Թատերագիտություն ու ՍՍՀՄ, ՀՍՍՀ և մյուս միութենական ու ինքնավար հանրապետությունների, ինչպես և արտասահմանյան երկրների մասին հոդվածների Թատրոն բաժինները: Հ. Հովհաննիսյան
Թատրոնի ճարտարապետությունը. Թ-ի շենքի հատակագծային կոմպոզիցիան ըստ ֆունկցիոնալ բնույթի ստորաբաժանվում է երկու գլխավոր, խմբավորված մասերի՝ հանդիսատեսային (ընդգրկում է հանդիսասրահը, ճեմասրահը, հանդերձարանը ևն) և բեմական (տես Բեմ): Գլխավոր խմբավորումների կազմավորումը և փոխկապակցումը պայմանավորված է բեմական ժանրի բնույթով (դրամա, օպերա, տիկնիկային թատրոն ևն) և բեմագրական տեխնիկայով: Առաջին շենքերը կառուցվել են Հին Հունաստանում: Դրանք չծածկված շինություններ էին, բաղկացած երեք մասից՝ օրխեստրա (կլոր խաղահրապարակ), դրա պարագիծը երեք քառորդով շրջափակող, թեք տեղանքին տեղադրված աստիճանաձև թեատրոն (հանդիսատեսի նստելու տեղերը) և սկենե (օրխեստրային կից կառույց՝ դերասանների զուգվելու և բեմասարքը պահելու համար): Հունական Թ. հաճախ լինում էր մեծ չափերի (Եփեսոսի Թ. տեղավորում էր 23 հզ. հանդիսատես, թեատրոնի տրամագիծը՝ 152 մ, օրխեստրայինը՝ 31 մ): Հունական Թ-ի տիպը հետագայում զարգացավ անտիկ Հռոմում (տես Ամֆիթատրոն): Առաջին ծածկված Թ. (թատրում տեկտում) կառուցվել է Պոմպեյում (մ. թ. ա. III—I դդ., մոտ 2000 տեղանոց): Վաղ միջնադարում Թ-ի հատուկ շենքեր չէին կառուցվում, կրոնական ներկայացումները տրվում էին սկզբում տաճարի ներսում, հետագայում՝ փողոցում, բաց հրապարակներում, փայտից ժամանակավոր պատրաստված բեմերի վրա: Թ-ների կառուցումը վերսկսվեց վերածննդի դարաշրջանում, նախ՝ Իտալիայում, ապա նաև եվրոպական այլ երկրներում: Ստեղծվում է խորքային բեմը (Ֆառնեզեի Թ.՝ Պարմայում, 1618, ճարտ.՝ Ջ. Ալեոտտի): XVII—XVIII դդ. կազմավորվում է օվալային հանդիսասրահով (պարագծով շրջապատված օթյակների մասնատված բազմահարկով), խորքային բեմով, այսպես կոչված, «իտալական տիպը», որի առավել կատարյալ նմուշը Միլանի «Լա Սկալան» է (1778, ճարտ.՝ Ջ. Պիերմարինի, 3000 տեղանոց): XVI դ. վերջին Անգլիայում ստեղծվեց Թ-ի յուրօրինակ մի տիպ, որտեղ միահյուսված էին անտիկ Թ-ի և միջնադարյան չծածկված բեմերի սկզբունքները («Գլոբուս» Թ. Լոնդոնում, 1599): Այս Թ-ները տեղավորում էին մինչև 2500 հանդիսատես: XVIII դ. երկրորդ կեսին ստեղծվում է «ֆրանսիական տիպի» Թ. (շրջանակի 3 4 պարագծային դահլիճով, շրջապատված հոծ՝ օթյակների չմասնատված բազմահարկով): Բեմական արվեստի զարգացումը XX դ. սկզբին խթանեց առանց խորքային բեմական տուփի, հանդիսասրահի և բաց բեմի միասնական, չմասնատված տարածությամբ (Բեռլինի Մեծ Թ., 1919, ճարտ. Հ. Պյոլցիգ) թատերական շենքի մի նոր տիպի ստեղծումը, որը ըստ ներկայացման ժանրի, տրանսֆորմացիայի հնարավորություն էր ընձեռում (Մալմյոի Թ., 1944, ճարտ.՝ Ս. Լևերենց և ուրիշներ, Շվեդիա): Հետագայում տարածվեցին՝ ամֆիթատրոնային և լսարանային-դահլիճ տիպերը, որոնցում ամֆիթատրոնը կամ պարտերը լրացվում էին նրանց վրա «կախված» մեկ կամ ավելի պատշգամբներով: ՍՍՀՄ-ում Թ-ների շինարարությունը սկսվել է հիմնականում 1930-ական թթ.: Սկզբում ստեղծվում էին տիպեր, այսպես կոչված սինթետիկ ներկայացումների (զանազան թատերական ժանրերի) համար: Այնուհետև, մինչև 50-ական թթ. թատերական շենքերի նախագծման մեջ հիմնականում կիրառվում էին համաշխարհային, ռուսական, ՍՍՀՄ ժողովուրդների ճարտ. ավանդույթները (Տաշքենդի Ա. Նավոիի անվ. օպերայի և բալետի Թ., 1938—47, ճարտ.՝ Ա. Շչուսև): Հայկական Թ-ի առաջին շենքը, ըստ հունական, հռոմեական, հայկ. պատմագրությունների, կառուցվել է մ. թ. ա. 69-ին, Տիգրանակերտ մայրաքաղաքում: Թ-ի շենք է ունեցել հավանաբար նաև Արտաշատ մայրաքաղաքը, ուր մ. թ. ա. 53-ին բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Այս կառույցների ճարտ. հայտնի չէ, սակայն, ելնելով ժամանակի առանձնահատկություններից, պետք է որ եղած լինեն հելլենական տիպի: Թ-ի շենքի նոր գաղափար էր մարմնավորում Ա. Թամանյանի նախագծած՝ Երևանի օպերայի և բալետի Թ. (1926, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում 1937-ին արժանացել է Grand Prix—Մեծ ոսկե մեդալի): Առանցքով տեղադրված երկու հանդիսասրահները (հիմնական՝ 1500 և ամառային բաց՝ 2000 տեղանոց ամֆիթատրոնով, որը կառուցելիս ձևափոխվել է՝ վերածվելով համերգային դահլիճի) ընդգրկում են ընդհանուր մեծ բեմը՝ անկյունագծային առանցքներին տեղադրված չորս փոքր, լրացուցիչ բեմերով: Շենքի հատակագծային կոմպոզիցիան հնարավորություն է ընձեռում դահլիճները գործածել առանձին կամ միասին, պարտերները միացնել բեմին, այն առաջ բերելով ևն: Հայաստանում կառուցված մյուս թատերական շենքերից են՝ Երևանի Սունդուկյանի անվ. Թ. (1966, ճարտ. Ռ. Ալավերդյան, Ռ. Բադալյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան), Լենինականի Մռավյանի անվ. դրամատիկական Թ. (1972, ճարտ,՝ Ա. Սաֆարյան, Ռ. Բաղդասարյան, կոնստրուկտոր՝ Ս. Բաղդասարյան):
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Արվեստի մասին, ժող.հ. 1—2, Ե., 1963—1964: Լենին Վ. Ի., Կուլտուրայի և արվեստի ս՜ասին, ժող.Ե., 1958: Լևոնյան Գ., Թատրոնը հին Հայաստանում, Ե., 1942: Մելիքսեթյան Ս., Թատերական ակնարկներ, Ե., 1945: Նույնի, Հովհաննես Աբելյան, Ե., 1954: Զարյան Ռ., Թատերական դիմանկարներ, Ե., 1956: Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմության, հ. 1—2, Ե., 1959—64: Խալաթյան Լ., Սարյանը և թատրոնը, Ե., 1960: Հարությունյան Բ., Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք 1—2, Ե., 1961—69: Հախվհրդյան Լ., Կլասիկան և մեր օրերը, Ե., 1962: Ստեփանյան Գ., ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1-3, Ե., 1962-75: Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում, Ե., 1963: Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: Սամվելյան Լ., Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը, Ե., 1974: Հովհաննիսյան Հ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Ե., 1978: Гоян Г., 2000 лет армянского театра, т. 1-2, М., 1952 Авдеев А. Д., Происхождение театра, М.—Л., 1959 История советского драматического театра, т. 1—6, М., 1966—71 Станиславский К. С, Собр. соч., т. 1-8, М., 1954-61,Немирови ч-Д анченко В. И., Театральное наследие, т. 1, Статьи, Речи. Беседы. Письма, М., 1952 Вахтангов Е. Б., Записки, письма, статьи, М—Л., 1939 Мейерхольд В.Э., Статьи. Письма. Речи. Беседы, ч. 1—2, М,, 1968 Дэкивилегов А. К., Итальянская народная комедия, 2 изд., М., 1962 Бояджиев Г. Н., Вечно прекрасный театр эпохи Возраждения, Л., 1973 Вилар Ж., О театральной традиции, пер. с франц., М., 1956 Гасенер Дж., Форма и идея в современном театре, пер. с англ., М., 1959 Брехт Б., О театре, сб. статей, пер. с нем., М, 1960 Bilber M., The history of tbe Greek and Roman theatre, Princeton, 1939 Chambers E. K., The Elizabethan stage, v. 2, Oxf., 1923 տես նան Բեմ հոդվածի գրականությունը:
