Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏ, աբսցես (լատ. ab-cessus—թարախապալար), հյուսվածքների սահմանափակ թարախային բորբոքում: Բնորոշվում է թարախային խոռոչի առաջացմամբ և հյուսվածքների քայքայումով: Կարող է տեղակայվել բոլոր հյուսվածքներում և օրգաններում կամ օրգանների միջև (միջաղիքային, ենթաստոծանային), առաջանալ ինքնուրույն կամ որպես այլ հիվանդությունների (թոքաբորբ, վնասվածք) բարդություն: Հարուցիչները թարախածին մանրէներն են, որոնք օրգանիզմ են թափանցում վնասված լորձաթաղանթների կամ մաշկի միջոցով, իսկ երբեմն բորբոքային այլ օջախներից՝ արյան և ավիշի հոսքով: Օրգանիզմի պաշտպանական ռեակցիան արտահայտվում է Թ. առողջ հյուսվածքներից սահմանազատող պատիճի (կապսուլա) առաջացմամբ: Թ-ի ախտանշանները բազմազան են, նայած որ օրգանն է ախտահարված: Բուժումը՝ վիրաբուժական: