Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԱԽԱՄԱՇԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԱԽԱՄԱՇԿՈՒԹՅՈՒՆ, պիոդերմիա (հուն, թարախ և մաշկ), մաշկի թարախային բորբոքում: Հարուցիչները թարախածին կոկերն են: Մաշկի հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Կարող է առաջանալ ինքնուրույն կամ որպես քորով ուղեկցվող հիվանդությունների բարդություն: Նպաստող գործոններն են՝ մաշկի ամբողջականության խախտումները, կեղտոտվածությունը, գերտաքացումը կամ գերսառեցումը, ինչպես նաև ներքին օրգանների, նյարդային համակարգի գործունեության, նյութափոխանակության խանգարումները, օրգանիզմի անհատական գերզգայնությունը թարախային վարակների հանդեպ: Տարբերում են ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային Թ., որոնք իրենց հերթին լինում են սահմանափակ և տարածուն, մակերեսային և խոր: Թ. երբեմն առաջանում է միաժամանակ 2 կոկերից՝ ստրեպտո-ստաֆիլոկոկային Թ.: Ստաֆիլոկոկային Թ-յան դեպքում պրոցեսը տեղակայվում է մազաճարպային ֆոլիկուլներում (օստիոֆոլիկուլիտ, ֆոլիկուլիտ) և ապոկրին գեղձերում: Քրոնիկական ընթացքի և բազմաթիվ օստիո-ֆոլիկուլիաների առկայության պայմաններում զարգանում էֆուրունկուլ, կարբունկուլ, թզախտ, քրտնագեղձի բորբոքում: Ստրեպտոկոկային Թ. բնորոշվում է մաշկի մակերեսային շերտի բորբոքումով, պղտոր պարունակությամբ բշտերի (ֆլիկտենա) առաջացմամբ: Ստրեպտոկոկային սուր Թ-ից են թարախային բշտիկացանը (իմպետիգո), մակերեսային տարածուն Թ. և էկթիման, իսկ քրոնիկականից՝ դեմքի հասարակ որքինը, հարեղնգաբորբը: Բուժումը. ստաֆիլո-ստրեպտոկոկային վակցինաներ, անտիֆագին, բակտերիաֆագեր, անտիբիոտիկներ, սուլֆանիլ-ամիդային պատրաստուկներ, աուտոհեմոթերապիա, վիտամիններ, անիլինային ներկեր, ուլտրաճառագայթներ: