ՀՍՀ/ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, գրական ստեղծագործության ձև, որը մի լեզվով ստեղծված երկը վերստեղծում է մի այլ լեզվով: Գեղարվեստական թարգմանության խնդիրը խոսքի գեղարվեստական բովանդակության վերարտադրումն է՝ չափանիշ ունենալով հեղինակի ստեղծագործական անհատականությունը: Գեղարվեստական երկի թարգմանության մասին հնագույն տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. XIII դ., երբ խեթերեն է թարգմանվել Գիլգամեշի մասին աքքադական պոեմը: Թարգմանական գործը վերելք է ապրել Վերածննդի շրջանում: Հայ Թ. գ. ծնունդ է առել հայ գրականության սկզբնավորման հետ (տես Թարգմանչաց շարժում): Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Կորյունը և ուրիշներ հունարենից թարգմանել են Աստվածաշունչը, որը եվրոպացի գիտնականներն անվանել են «թարգմանությունների թագուհի» (Լա Կրոզ): Հայ թարգմանիչների հետագա սերունդները գիտական, կրոնական, գեղարվեստական տեքստեր են թարգմանել հունարենից, ասորերենից, այլ լեզուներից: Բազմաթիվ տեքստեր (Էվկլիդես, «Երկրաչափություն», Եվսեբիոս Կեսարացի, «Քրոնիկոն» ևն), որոնց բնագրերը կորել են, պահպանվել են շնորհիվ դրանց հայերեն թարգմանության: Հայ նորագույն թարգմանությունը ծաղկել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին: Դրա բարձրակետը եղան Հ. Խան Մասեհյանի և Հ. Թումանյանի թարգմանությունները: Թարգմանությունների քանակով ՍՍՀՄ առաջին տեղն է գրավում աշխարհում: Թարգմանական գործը վերելք է ապրում նաև Հայկական ՍՍՀ-ում: Հայերեն են թարգմանվում ռուս, սովետական մյուս ժողովուրդների, ինչպես և արտասահմանյան նշանավոր հեղինակների երկերը:
Ա. Եղիազարյան
