ՀՍՀ/ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՇԱՐԺՈՒՄ
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՇԱՐԺՈՒՄ, V դարում Հայաստանում ծավալված այն շարժումը, որի նպատակն էր երկիրն ազատել հունական ազդեցությունից՝ հայոց դպրոցներ հիմնելու քրիստոնեական գլխավոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Դեռևս I դարից քրիստոնեությունը Հայաստան էր թափանցում գերազանցապես հունարենով: Երբ 301 թ. քրիստոնեությունը հռչակվեց Հայաստանի պետ. կրոն, հուն., նաև ասորական ազդեցությունն ուժեղացավ: Տարածվող քրիստոնեական գլխավոր գիրքը՝ Աստվածաշունչը, կրոնական-եկեղեցական մյուս գրքերը, աշխարհիկ գրականությունը հուն, և ասորերեն էին, եկեղեցական ծեսերն ու արարողությունները հուն, էին կատարվում (երբեմն՝ բանավոր թարգմանների օգնությամբ), դպրոցները հունալեզու էին: Հայաստանի եկեղեցու հոգևոր ղեկավարությունը դրսից իրականացնում էին հույն և ասորի կղերը: Երկրի արմ. շրջաններում հայերի հունախոսությունն ու հունագրությունը մեծ չափերի էր հասնում և շարժվում էր դեպի արլ.: 387 թ. Սահակ Պարթևը դառնալով կաթողիկոս՝ նպատակ է դնում երկիրն ազատել հուն, և ասորական ազդեցությունից: Աստիճանաբար իր շուրջն է համախմբում նույն նպատակով տոգորված մտավորականների, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցին: Այս շարժումը նաև պետ. շահեր էր հետապնդում. Արշակունիների թուլացած գահը հայ գրի ստեղծմամբ հուն., ասորերեն պաշտոնական գրագրությունից պետք է անցներ հայերենի, իսկ հայ պետականության հնարավոր անկման դեպքում հայալեզու դպրոցն ու գրականությունը, հայացած եկեղեցու միջոցով, կարող էին նեցուկ լինել ժողովրդի ինքնության պահպանմանը: Արշակունի վռամշապուհ թագավորը միացավ Սահակ Պարթևի սկզբնավորած շարժմանը, ամեն կերպ աջակցեց նրան: Հայերենն արտահայտելու նպատակով Դանիելյան գրերի օգտագործման անհաջող փորձին հաջորդեց 406 թ. հայկ. տառերի գյուտը՝ կատարված Մեսրոպ Մաշտոցի կողմից: Սկսվեց Աստվածաշնչի թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30 տարի: Սահակ Պարթևը գլխավոր թարգմանիչն էր ու ղեկավարը, մյուս թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Վանանդեցին, Հովհան Եկեղեցացին: Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը լավագույններից է, «թարգմանության թագուհի», օրինակելի իր հստակ, ժամանակի ժողովրդային լեզվի խոր արտահայտչականությամբ, եբրայերեն և հուն, հարյուրավոր հայացված եզրաբառերով: V դ. հունարենից և ասորերենից թարգմանվեցին բազմաթիվ այլ երկեր, այդ թվում՝ Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Սեբերիանոս Գաբաղացու, Կյուրեղ Երուսաղեմցու, Եվսեբիոս Կեսարացու, Եփրեմ Խուրի Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Պրոկլի, Դիոնիսիոս Թրակացու, Փիլոն Եբրայեցու, Տիմոթեոս Կուզի, Պորփյուրի, Արիստոտելի, Պլատոնի գործերը: Այդ երկերից մի քանիսը այժմ ներկայացված են միայն հայերեն թարգմանություններով (հունարեն բնագրերը կորել են): Թ. շ-ման արդյունքն էր հայ գրականության սկզբնավորումը Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի հոգևոր ու ծիսական երկերի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի և այլոց գործերի երևան գալը: Թ. շ-ման մի կարևոր արտահայտությունն էր Հայաստանի տարբեր վայրերում հայալեզու դպրոցների ստեղծումը, որ դարձավ հայ գրականության ու մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
Ռ. Իշխանյան
