Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ, հայ գրերի գյուտի, թարգմանչաց շարժման և մշակույթի նշանավոր գործիչներին նվիրված տոն: Հայ Առաքելական եկեղեցին, ելնելով ժողովրդի նվիրական զգացմունքներից, եկեղեցու հայրերի շարքն է դասել հոգևոր-մշակութային լուսավորության գործի վաստակավորներին և տարին երկու անգամ տոնում է նրանց հիշատակը: Հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնն է, որ նշվում է Օշականում: Հոկտեմբերին Մեսրոպ Մաշտոցի և նրա դաստիարակած թարգմանիչների (Հովսեփ, Հովհան, Ղևոնդ, Կորյուն, Եղիշե, Եզնիկ, Դավիթ Անհաղթ, Մովսես Խորենացի, Մամբրե Վերծանող, Աբրահամ, Արձան, Մուշե, Խոսրով, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տոնն է՝ առաջին թարգմանության ու դրանով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը: Տարբեր ժամանակներում Թ. տ-ին են նվիրվել ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր: Վարդան Արևելցին հորինել է «Որք գարդարեցին» շարականը իր կանոնով, ուր գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Թ. տ. հայ ժողովրդի հարգանքի տուրքն է հայ գրին, դպրությանն ու մշակույթին, դրանց երախտավորներին: Այն թեև նվիրագործել է եկեղեցին, սակայն թե բնույթով, թե ընդգրկումով միշտ եղել է ժողովրդական:

Խ. Պալյան