ՀՍՀ/ԹԱՐԹԻՉԱՎՈՐ ՈՐԴԵՐ
ԹԱՐԹԻՉԱՎՈՐ ՈՐԴԵՐ (Turbellaria), տափակ որդերի դաս: Երկսիմետրիկ կենդանիներ են, մարմինը (երկարությունը՝ 0,2—35 սմ) իլիկաձև է, ժապավենա-տերևաձև՝ պատված թարթիչավոր էպիթելով (այստեղից՝ անվանումը): Փոքր ձևերի թարթիչները ծառայում են շարժմանը, խոշորները՝ շարժվում են մկանային համակարգի կծկմամբ: Մարմնի խոռոչ չունեն, ներքին օրգանների միջև եղած տարածությունը լցված է պարենքիմով: Բերանի անցքը գտնվում է փորի կողմում կամ՝ մարմնի կենտրոնում և տանում է դեպի մկանոտ կլանը: Արյան շրջանառության օրգաններ չունեն: Շնչառությունը մաշկային է, մարսողությունը՝ ներբջջային, հետանցք չունեն: Արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են: Ստորին ձների նյարդային համակարգը դիֆուզ տիպի է, բարձրակարգերինը՝ հանգուցային: Թ. ո. երկսեռ են, բազմանում են սեռական, որոշ տեսակներ՝ անսեռ ճանապարհով: Զարգացումը հիմնականում ուղղակի է, որոշ բազմաճյուղաղիների (Polycladida) բնորոշ է մյուլլերյան թրթուրը: Ազատ ապրող են, աչքերը լավ են զարգացած, ունեն հավասարակշռության օրգաններ՝ ստատոցիստներ: Տարածված են ծովերում և քաղցրահամ ջրերում: Ցամաքային պլանարիաները ապրում են արևադարձային խոնավ անտառներում: Մեծ մասը գիշատիչ է, ծովային որոշ տեսակներ մակաբույծներ են: Թ. ո-ի բազմաթիվ տեսակների պարենքիմը պարունակում է գունավոր հատիկներ, որոնցից որդերն ստանում են վառ գունավորում: Թ. ո-ի դասն ընդգրկում է 11 12 կարգ, 3000 տեսակ:
