ՀՍՀ/ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ, միջավայրի (նյութի) բնութագիր, որոշվում է միջավայրում, առանց տարածման ուղղությունը փոխելու, միավոր երկարության ճանապարհ անցած ճառագայթման հոսքի (տեսանելի լույսի դեպքում՝ լուսային հոսքի) և զուգահեռ ճառագայթների փնջի ձևով այդ միջավայր մտնող հոսքի հարաբերությամբ: Թ. ընդհանուր դեպքում ալիքի երկարության ֆունկցիա է և բնորոշում է միաժամանակ նյութում ճառագայթման հոսքի կլանման և ցրման երևույթները: Թ. այնքան ավելի մեծ է, որքան թույլ է կլանվում և ցրվում ճառագայթումը, առավել մեծ Թ-յամբ են օժտված հիմնականում օպտիկական ճառագայթման ուղղորդված թողունակությամբ միջավայրերը: Թ. պետք է տարբերել թողունակությունից (ընդհանրապես), քանի որ միջավայրը կարող է անթափանց լինել, սակայն անցկացնել ցրված լույսը (օրինակ, բարակ թուղթը): Օպտիկական քվարցի 1 սմ հաստությամբ շերտի Թ. մոտ 0,999 է, օպտիկական ապականը՝ —0,99—0,995: Մթնոլորտի Թ., որը պայմանավորում է էլեկտրամագնիսական էներգիայի թափանցումը մթնոլորտում, կախված է օդի զանգվածից, ինչպես նաև օդում ջրային գոլորշիների և փոշու պարունակությունից:
