ՀՍՀ/ԹԲԻԼԻՍԻԻ ԲԱՐԲԱՌ
ԹԲԻԼԻՍԻԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Խոսվում է Թբիլիսիում: Ըստ ձևաբանական դասակարգման՝ «ում» և «կը» ճյուղերի անտեղաշարժ միջճյուղային բարբառ, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Արարատյան կամ հյուսիս-արեվելյան բարբառախմբին: Բաղաձայնական համակարգը եռաստիճան է (բ, պ, փ): Ունի 30 բաղաձայն, 6 ձայնավոր: Բացակայում է ֆ: Վրացերենի ազդեցությամբ, մեծ մասամբ փոխառյալ բառերում, առկա է կոկորդային ղ (ղաբուլ, ղալբ): Բառասկզբի ռ հաճախ արտասանվում է ր (րանճպար): Շեշտը նախավերջնահանգ է: Գոյականների հոգնակին կազմվում է իր, նիր, ինչպես նաև՝ ք, իք, իրք, դիրք, տիք տինք, անք, ունք, տունք, տանք, էնք մասնիկներով: Հոլովական համակարգը, բացի բացառականից (էն մէն), նման է արևելահայ գրականին: Խոնարհման համակարգում առկա են «ա» և «ի» լծորդությունները (կարդալ, գըրիլ): Օժանդակ բայի ներկայի ձևերն են՝ իմ, իս, ի, ինք, իք, ին. Պայմանական եղանակը կազմվում է կու գու կ եղանակիչով (կու գրիմ, գու քէյր, կօնիմ), իսկ երկրորդական բաղադրյալ ժամանակի ներկան լինում է՝ գրում գու լիմ, անցյալը՝ գըրում գու լէյի: Հարկադրական եղանակի ապառնին կազմվում է երկու ձևով. 1. պիտի գըրիմ, պիտի գըրիս, 2. պիտիմ գըրի, պիտիս գըրի, անցյալը՝ երեք ձևով. 1. պիտի գըրեյի. պիտի գըրէյիր, 2. պիտէյի գըրի, պիտէյիր գըրի, 3. պիտի գըրիլ էյի, պիտի գըրիլ էյիր:
Գրկ. Ախվերդյան Գ., Թիֆլիզու բարբառի մե քանի հատկություններու վրա, տես նրա՝ Աայաթ-Նովա, Մ., 1852: Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա—Նոր Նախիջևան, 1911: Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Ե., 1953: Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972: Томсон А., Историческая грамматика современного армянского языка города Тифлиса, СПБ, 1890 Peterman J. H., Uberden Dialekt der Armenier fon Tiflis, В., 1867.
Ա. Քոչոյան
