Jump to content

ՀՍՀ/ԹԵԹԵՎ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵԹԵՎ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, կոնստրուկցիոն համաձուլվածքներ, որոնց հիմքը փոքր խտություն ունեցող մետաղներն են՝ ալյումինը, մագնեզիումը, տիտանը, բերիլիումը (տես Ալյումինի համաձուլվածքներ, Մագնեզիումի համաձուլվածքներ, Տիտանի համաձուլվածքներ, Բերիլիումի համաձուլվածքներ): Բնութագրվում են առավել բարձր տեսակարար ամրությամբ (ամրության ցուցանիշների հարաբերությունը նյութի խտությանը), քան, օրինակ, երկաթի կամ նիկելի կոնստրուկցիոն համաձուլվածքները: Այսպես, ամրության միևնույն սահմանի (--450 Մն մ²) դեպքում դյուրալյումինը երեք անգամ կաթսայական պողպատից թեթև է. այսինքն՝ դրա տեսակարար ամրությունը մոտ երեք անգամ բարձր է: Թ. հ. լայն կիրառություն ունեն ինքնաթիռաշինության, հրթիռաշինության, նավաշինության, տրանսպորտային մեքենաշինության, սարքաշինության, քիմ. ապարատաշինության, ավտոմոբիլաշինության մեջ, էլեկտրատեխնիկայում, շինարարությունում, միջուկային էներգետիկայում, կենցաղային իրերի արտադրությունում: