ՀՍՀ/ԹԵՀՐԱՆ
ԹԵՀՐԱՆ, Իրանի մայրաքաղաքը, Կենտրոնական օստանի վարչական և երկրի քաղաքական, տնտեսական, առևտրա-ֆինանսական ու մշակութային գլխավոր կենտրոնը: Գտնվում է Էլբուրսի նախալեռներում, Դեմավենդ լեռան ստորոտին, 1100—1300 մ բարձրության վրա: Կլիման մերձարևադարձային, ցամաքային է: Տարածությունը մոտ 250 կմ² է, բնակչությունը՝ 4 մլն (1975): Քաղաքը ձգված է հս-ից հվ. 35 կմ, արմից արլ.՝ 18 կմ: Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է: Ունի միջազգային օդանավակայան: Թ-ի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XII դ.: 1722-ին ավերել են աֆղանները, սակայն շուտով վերականգնվել է: 1786-ին Ղաջարական դինաստիայի հիմնադիր Աղա-Մահմեդ խանը Թ. դարձրել է Իրանի մայրաքաղաքը: XIX դ. վերջին և XX դ. սկգբին Թ. դարձել է հեղափոխական շարժումների կենտրոն: 1943-ին Թ-ում կայացել է երեք մեծ տերությունների (ՍՍՀՄ, ԱՄՆ և Անգլիա) ղեկավարների կոնֆերանսը: Թ. բուռն զարգացում է ապրել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Թ-ի արդ. ձեռնարկությունները տալիս են Իրանի արդ. արտադրանքի ինքնարժեքի 35 ը: Թ-ում է կենտրոնացած երկրի արդ. բանվորների մոտ 1 4-ը: Կա բագմաճյուղ մեքենաշինություն և մետաղամշակում (ավտո և ինքնաթիռահավաքման 12 գործարան), վերանորոգման գործարաններ (ռադիոսարքավորման, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների արտադրություն), քիմ., նավթավերամշակման, մետալուրգիական, տեքստիլ, սննդի, կաշվի-կոշկեղենի արդյունաբերություն, շինանյութերի, ապակե, հախճապակե և ճենապակե իրերի արտադրություն: Պահպանվել է տնայնագործական արտադրությունը: 1947-ին ՍՍՀՄ-ի միջոցներով Թ-ում կառուցվել է հիվանդանոց, ուր օգնություն է ցույց տրվում բժշկական բոլոր հիմնական մասնագիտությունների գծով: Հիվանդանոցին կից գործում են պոլիկլինիկա և 145 մահճակալանոց ստացիոնար, ինչպես նաև մի շարք մասնաճյուղեր Իրանի տարբեր քաղաքներում: 1947-77-ին հիվանդանոցն ընդունել է ավելի քան 3 մլն հիվանդ, կատարել 50 հգ. ավելի վիրահատություն: Հիվանդանոցի նկատմամբ մշտական հոգատարություն է ցուցաբերում ՍՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միությունը, որը բարձրորակ բժիշկներ և բուժքույրեր է գործուղում ՍՍՀՄ առաջատար բժշկական ինստ-ներից ու կլինիկաներից: Թ. կազմված է հին (վերակառուցվել է 1870—72-ին) և նոր (շինարարությունը սկսվել է XX դ. 30-ական թթ.) քաղաքներից: Թ-ի հատակագծային հորինվածքի հիմքում կանոնավոր կառուցապատման սկզբունքն է՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, հրապարակներով, պուրակներով, բազմահարկ, ժամանակակից ոճով կառուցված վարչական, հասարակական ու բնակելի շենքերով: Աբաս-Աբադի շրջանում մինչև 1990-ական թթ. նախատեսվում է կառուցել նոր «քաղաք՝ քաղաքի մեջ», որտեղ պետք է կենտրոնացվեն կառավարական ու վարչական գլխավոր հիմնարկները, դեսպանությունները: Ճարտ. հուշարձաններից են՝ Գոլեստան պալատը (XVIII դ. վերջ—XIX դ.), Սելահսալար և Շահի (XIX—XX դդ.) մզկիթները: Ժամանակակից իրանական ճարտ. լավագույն նմուշներից են՝ «Ասիա» կինոթատրոնի (1950-ական թթ., ճարտ. Հ. Սեյհուն) և պառւամենտի (1959) շենքերը: Հայերը Թեհրանում: Ենթադրվում է, որ հայերը Թ-ում բնակություն են հաստատել XVIII դ. 2-րդ կեսին և արդեն 1768-ին ձեռնարկել են Ս. Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցու կառուցումը: 1790—95-ին կառուցել են Ս. Գևորգ եկեղեցին: 1857-ին Թ-ում եղել է 110, 1913—1914-ին՝ 575 հայ ընտանիք (2905 մարդ): 1959-ին Թ-ում բնակվում էր 60 հզ., 1978-ին՝ շուրջ 110 հզ. հայ: Թեհրանահայ համայնքի ճնշող մեծամասնությունը արհեստավորներ են (ոսկերիչներ, դերձակներ, հյուսներ, կոշկակարներ), զգալի թիվ են կազմում ձեռնարկատերերը, պետ. հիմնարկներում ծառայող պաշտոնյաները, ինչպես նաև բժիշկները, ճարտարապետները, ինժեներները, փաստաբանները, ուսուցիչները: Համայնքի անցյալի մասին տեղեկությունները սուդ են. մինչև 1870-ը, բացի վերոհիշյալ երկու եկեղեցիներից, ազգային որևէ հաստատություն կամ կազմակերպություն չի եղել: 1870-ին հիմնվել է «Ուսումնասիրաց միությունը», որը 1871-ին բացել է Հայկազյան միջնակարգ դպրոցը (2 բաժնով, տղաների՝ Դավթյան, և աղջիկների՝ Մարիամյան): 1878-ից սկսել է գործել հայ թատրոնը, 1881-ին հիմնվել է Հայ թատերասիրաց ընկերությունը: Ցայսօր Թ-ում հրատարակվել է 50 անուն պարբերական: 1936-ին իրանական իշխանությունները փակեցին բոլոր ազգային, այդ թվում հայկ. դպրոցները (վերաբացելու թույլտվություն ստացան 1942—43-ին): Թ-ում կա 27 հայկ. դպրոց: Գործում են Հայ կին (1939), Արարատ (1944), Հայ ակումբ (1954), «Իրանահայ գրողների միություն» (1962), Նոր էջականներ (1969), Հայ համալսարանավարտների միություն, Հայ ճարտարապետների միություն և այլ կազմակերպություններ ու միություններ: 1954-ից գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը: Տես նաև Իրան, Հայերը Իրանում մասը:
Վ. Բայբուրդյան, Ռ. Կոզմոյան
