Jump to content

ՀՍՀ/ԹԵՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՅ (Thea), 1. թեյազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 2 տեսակ՝ չինական Թ, հնդկական Թ.: Վայրի վիճակում աճում է Հարավ-Արևելյան Ասիայում: Մշակվում է արևադարձային և խոնավ մերձարևադարձային շրջաններում՝ Հնդկաստանում, Շրի Լանկայում, Չինաստանում, Ինդոնեզիայում, իսկ ՍՍՀՄ-ում՝ Վրաց. և Ադրբ. ՍՍՀ-ներում, Կրասնոդարի երկրամասում: Թ-ի մշակության հնագույն կենտրոնը Չինաստանն է: Հոլանդացիները Թ. Եվրոպա են ներմուծել 1641-ին: Հայաստանում օգտագործվում է XVIII դարից: Խաչաձև փոշոտվող, ջերմասեր, խոնավասեր բույս է, ծաղիկները սպիտակ կամ վարդագույն են՝ 5-7 պսակաթերթիկներով: Պտուղը տուփիկ է: Բազմանում է սերմերով, կտրոններով, բողբոջներով (աչքերով): Տերևներն օգտագործում են հատուկ մշակումից հետո: Պարունակում է կոֆեին, տաննիդներ, եթերային յուղեր, վիտամիններ (P, C. B 1, B 2), պիգմենտներ: 2. Ըմպելիք, պատրաստում են թեյի հատուկ մշակված տերևները թրմելով: Պարունակում է կոֆեին, թեոֆիլին, որոնց շնորհիվ Թ. օժտված է կենտրոնական նյարդային համակարգը գրգռող, օրգանիզմը տոնուսավորող. սրտի պսակաձև արյան անոթները լայնացնող և միզամուղ հատկությամբ: Եթերային յուղերը Թ-ին տալիս են անուշահոտություն և ունեն գրգռիչ ազդեցություն: Դա բաղանյութերով որոշվում են համը, գույնը, տտիպությունը, Բ-վիտամինային և հակաբակտերիային ակտիվությունը: Թ-ում կան նաև վիտամիններ (C, B 1, B 2), օրգ. թթուներ և պիգմենտներ: