ՀՍՀ/ԹԵՆԻՍ
ԹԵՆԻՍ, լաուն-թենիս (անգլ. lawn—մարգագետնիկ, գազոն և tennis, հավանաբար՝ ֆրանս. tenez—ահա ձեզ. վերցրեք), սպորտային խաղ: Խաղում են հատուկ հրապարակներում՝ կորտերում, երկու (մեկական) կամ չորս (զույգերով) հոգով: Խաղացողները ռակետի հարվածով գնդակը ցանցի վրայով անցկացնում են հակառակորդի կիսադաշտը: Թ. ծագել է Մեծ Բրիտանիայում, XIX դ. վերջին: Թ-ի կանոններն առաջին անգամ մշակել է Ու. Ուինգֆիլդը՝ 1874-ին: Լաուն-Թենիս անվանումն ընդունվել է 1875-ին: 1912-ին Փարիզում ստեղծվել է Թ-ի միջազգային ֆեդերացիան (ԻԼՏՖ): Աշխարհի ամենամյա առաջնություն համարվում է Դևիսի գավաթի համար մրցությունը, որը սահմանել է ժամանակի ուժեղագույն թենիսիստներից մեկը, ամերիկացի Դ. Դևիսը, 1900-ին: 1970-ից անցկացվում է աշխարհի ոչ պաշտոնական նոր տիպի առաջնություն: ՍՍՀՄ առաջին առաջնությունն անցկացվել է 1924-ին: 1928-ին Թ. ընդգրկվել է համամիութենական սպարտակիադայի ծրագրում, 1923-ին ստեղծվել է Թ-ի համամիութենական սեկցիա, որը 1956-ին վերակազմավորվել է Թ-ի ՍՍՀՄ ֆեդերացիայի (1956-ից ԻԼՏՖ-ի անդամ): Հայաստանում Թ-ի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվել են 1924-ին, և նույն թվականին կազմակերպվել է Թի սեկցիա: 1976-ին ՍՍՀՄ առաջնության մրցումներն անցկացվել են Երևանում: Հանրապետությունում գործում են Թ-ի մասնագիտացման 3 դպրոց:
