ՀՍՀ/ԹԵՆՆԵՍԻ ՆԱՀԱՆԳ
ԹԵՆՆԵՍԻ (Tennessee), նահանգ ԱՄՆ-ի հարավում: Տարածքը 1094,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 4,1 մլն (1974), վարչական կենտրոնը՝ Նաշվիլ: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Քիմբեռլին բլրավոր սարահարթը: Արլ-ում Ապալաչյան լեռներն են, արմում՝ Միսսիսիպիի դաշտավայրը: Կլիման չոր մերձարևադարձային է: Խոշոր գետերն են Միսսիսիպին, Թեննեսին: Ինդուստրիալ-ագրարային նահանգ է, զարգացած են արդյունաբերության էներգատար ճյուղերը, հատկապես ռազմ, և քիմ. արդյունաբերությունը: Կան պայթուցիկ նյութեր, կարբիդ-կալցիում, ազոտային միացություններ, արհեստական պարարտանյութեր և մանրաթելեր արտադրող ձեռնարկություններ, ալյումինի, երկաթի համաձուլվածքի արտադրություն: Արդյունահանվում են քարածուխ, ֆոսֆորիտներ, ցինկի հանքաքար և շինանյութեր: Գյուղատնտ. հիմնական կուլտուրան ծխախոտն է, մշակում են նաև եգիպտացորեն, ցորեն, բամբակենի, կերային կուլտուրաներ: Զարգացած է այգեգործությունը: Զբաղվում են մսակաթնատու անասնապահությամբ: Գետային խոշոր նավահանգիստը (Միսսիսիպիի վրա) և երկաթուղային հանգույցը Մեմֆիսն է: Երկաթուղային հիմնական մայրուղիներն անցնում են միջօրեականի ուղղությամբ՝ Մեծ լճերից դեպի Մեքսիկական ծոց:
