ՀՍՀ/ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆԻ
ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆԻ (ծն. թ. անհտ.—մոտ 654, Դամասկոս), Հայոց իշխան, զորավար, ազատագրական պայքարի առաջնորդ: Սկզբնաղբյուրներում երբեմն հիշատակվում է Սահառունի կամ իշխան Արծրունյաց: Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628-ին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ: 634-ից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը: Սասանյան պետության քայքայումից (637) և Մարզպանական Հայաստանի անկախանալուց հետո Թ. Ռ. իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը: Հայ նախարարների աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը: 639-ին միավորված Հայաստանը փաստորեն հռչակվել է ինքնուրույն իշխանություն, որի առաջին իշխանն է դարձել Թ. Ռ.: Իր ազդեցությունը Հայաստանում պահպանելու մտահոգությամբ՝ Բյուզանդիան 640 կամ 641-ին Թ. Ռ-ուն շնորհել է պատրիկի ու կյուրապաղատի տիտղոսներ և նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ իշխան: Թ. Ռ. ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն: Դժգոհելով Թ. Ռ-ու ինքնուրույն քաղաքականությունից՝ Կոնստանս կայսրը 646-ին Հայոց իշխան է նշանակել ոմն Թովմայի: Վերջինս Կոտայքում դավադրաբար կալանավորել է Թ. Ռ-ուն և ուղարկել Կոստանդնուպոլիս: Սակայն կայսրը, երկյուղելով հայերի դժգոհությունից, Թ. Ռ-ուն վերստին հաստատել է իր պաշտոնում, իսկ Թովմային ետ կանչել: 648-ին Դվինի ժողովում հայ իշխանների ու հոգևորականների գերակշռող մասը՝ Թ. Ռ-ու գլխավորությամբ, մերժել է կայսեր «դավանական միության» առաջարկը: Բյուգանդական կայսրության նոր խարդավանքները դիմակայեյու համար Թ. Ռ. իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, դիվանագիտական հմտությամբ բանակցել և 652-ին համեմատաբար ձեռնտու պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ, կառավարիչ Մռավիայի հետ (տես Հայ-արաբական պայմանագիր 652): Ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը՝ Թ. Ռ. 3 տարով երկրում թեթեացրել է հարկավճարումը, պահպանել հայոց այրուձին (15 հզ. զինվոր) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր հարցերում: Արաբ. 7 հազարանոց զորախմբի օգնությամբ Թ. Ռ. ն նրա որդի Վարդը հաղթել են Հայաստան խուժած բյուգանդական զորքերին, մաքրել երկրի հս-արմ. շրջանները՝ ընդհուպ Տրապիզոն: Այս հաղթանակի համար Դամասկոսում նա արժանացել է Մռավիայի մեծարանքներին: Դամասկոսից վերադառնալով՝ Թ. Ռ. հիվանդացել և առժամանակ մեկուսացել է քաղ. կյանքից (փակվել է Աղթամարի բերդում): Գլուխ բարձրացրած կենտրոնախույս և բյուզանդամոլ տարրերին հնազանդեցնելու պատրվակով արաբ, զորքերը գրավել և կողոպտել են Հայաստանը: 652-ին պայմանագիրը վերահաստատելու հույսով՝ Թ. Ռ. 1800 հայ մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս: Սակայն երկարատև հիվանդությունից հյուծված Թ. Ռ. այնտեղ շուտով վախճանվել է: Նրա դին տեղափոխվել է հայրենի երկիր և թաղվել Ռշտունյաց տոհմական գերեզմանատանը: Մ. Աբեղյանի կարծիքով մեծ ժողովրդականություն վայելող Թ. Ռ. դարձել է հայկ. «Սասնա ծռեր» հերոսապատումի կերպար՝ ի դեմս քեռի Թորոսի: Թ. Ռ-ու գեղարվեստական կերպարն արտացոլվել է Ծերենցի «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպում:
Գրկ. Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1939: Ղևոնղ Մեծ, Պատմութիւն Հայոց, ԱՊԲ, 1887: Մելիք Բախշյան U.S., Հայաստանը VII—IX դարերում, Ե., 1968: Վարդանյան Վ. Ս՜., Վասպուրականը VII դարի երկրորդ կեսին, «ՊՐՀ», 1974, 2: Վ. Վարդանյան
