Jump to content

ՀՍՀ/ԹԵՈՍՈՖԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՈՍՈՖԻԱ (հուն. աստված և իմաստություն, գիտելիք), աստվածիմացություն, կրոնափիլիսոփայական ուսմունք «աստծուն անմիջականորեն հասու լինելու» մասին: Ներկայացուցիչները փորձում են սուբյեկտիվ միստիկական եղանակով (տես Միստիկա) ճանաչել աստծու ու գերբնական ուժերի էությունը, հաղորդակցվել դրանց և այդ ամենին տալ ձևական-տրամաբանական հիմնավորում: Թ-ի տեսական հիմքը աստծու պանթեիստական ըմբռնումն է: Թ-ի տարրեր կան գնոստիցիզմում, նեոպլատոնականությունում, կաբբալիստիկայում. անմիջական կապ ունի ոգեկոչության և ոգետեսության հետ: Թ-ի տարբեր ըմբռնումներ են զարգացրել Պարացելսուսը, Յա. Բյոմեն, Է. Սվեդենբորգը, Լ. Կ. Սեն-Մարտենը, Ֆ. Շելլինգը, Վ. Սալավյովը, Ե.Պ. Բլավատսկին: «Համաշխարհային եղբայրության միջուկ կազմակերպելու», «Կրոնի և փիլիսոփայության համեմատական ուսումնասիրությանը օժանդակելու», «Բնության չհետազոտված օրենքները և մարդու գաղտնի ուժերը ուսումնասիրելու» նպատակով 1875-ին Նյու Յորքում հիմնվել է Թեոսոֆիական ընկերություն (1879-ին կենտրոնը տեղափոխվել է Մադրաս): XX դ. 10-ական թթ. ընկերությունը պառակտվել է. Թ-ից առանձնացել է անթրոպոսոֆիան (մարդու մասին միջնադարյան կրոնական պատկերացումների համակցումը արլ. փիլիսոփայության կրոնաիդեալիստական տարրերի հետ): Ներկայումս թեոսոֆիական ընկերությունը, որի բաժանմունքները տարածված են կապիտալիստական բազմաթիվ երկրներում, ունի շուրջ 150 հգ. անդամ: