ՀՍՀ/ԹԵՎՈՏԱՆԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՎՈՏԱՆԻՆԵՐ, պտերոպոդներ (Pteropoda), կարգ ետնախռիկավոր փորոտանիների ենթադասում: Թ-ի ոտքը ձևափոխված է թևանման լողաթիակների (այստեղից՝ անվանումը), որոնց օգնությամբ նրանք լողում են: Մարմինը մերկ է կամ գտնվում է նուրբ, փոքր, գալարաձև դեպի ձախ պտտված կամ երկկողմ սիմետրիկ խեցու մեջ: Թ. ծովային պլանկտոն օրգանիզմներ են, հերմաֆրոդիտներ: Լայնորեն տարածված են: Խեցիների մնացորդները կազմում են ժամանակակից օվկիանոսների (հատկապես Ատլանտյան) հատակի պտերոպոդային տիղմի հիմնական մասը: Թ-ի բրածո ձևերը հայտնի են պալեոգենից:
