ՀՍՀ/ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է Բեյրութում, 1947-ին և կրում է բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը: Հիմնադիրներն են Հ. Սեդրակյանը, Բ. Թովմասյանը, Գ. Ահարոնյանը, Հ.Պերպերյանը, Ժ. Յոզղաթլյանը, Հ. Դավիթյանը: Կենտրոնը գտնվում է Բեյրութում, մասնաճյուղեր ունի Հալեպում, Դամասկոսում (Սիրիա), Բոստոնում, Լոս Անջելեսում, Դետրոյտում, Նյու Յորքում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում (ԱՄՆ), Բուենոս Այրեսում (Արգենտինա), Մոնրեալում, Տորոնտոյում (Կանադա), Փարիզում (Ֆրանսիա), Լոնդոնում (Անգլիա) և այլուր: Թ. մ. մ-յանն են միացել (պահպանելով իրենց անունները) նաև Կահիրեի «Հայ գեղարվեստասիրաց», «Կոկանյան սրահ», Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ», Աթենքի «Արարատ» միությունները: Կենտրոնական և մասնաճյուղերի վարչություններին կից գործում են կրթական, գրական, արվեստի, թատերական, հրատարակչական մարզական, կանանց հանձնախմբեր, ինչպես նաև ակումբներ, գրադարաններ, թատերախմբեր, երգի-պարի խմբեր: 1956-ից հրատարակում է «Շիրակ» (Բեյրութ) գրական-զեղարվեստական ամսագիրը, 1975-ից՝ Սարդարապատ» (Արգենտինա) և «Ապագա» (Կանադա) շաբաթաթերթերը: Ունի «Թեքեյանի ձայն» ռաղիոժամեր (Մոնրեալ, Տորոնտո, Դետրոյտ ևն): 1966-ին հիմնվել է միության «Հայկաշեն Ուգունյան» գրական մրցանակը: Թ. մ. մ. սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ, պարբերաբար հրավիրում է հայաստանյան խմբեր (թատերական, երգի ու պարի ևն) ու պատվիրակություններ, օգնում է տարածելու հայրենի մշակույթն ու արվեստը սփյուռքահայության մեջ:
Պ. Մարտիրոսյան
