ՀՍՀ/ԹԶԵՆԻ
ԹԶԵՆԻ (Ficus carica), թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի մերձարևադարձային պտղատու ծառ: Բարձրությունը 8—10 մ է: Արմատային համակարգը հզոր է, ճյուղավորված: Սաղարթը խիտ է, գնդաձև կամ լայն բրգաձև: Տերևները խոշոր են, խորը կտրտված, բլթակավոր: Պտուղներն ընկուզիկներ են, առաջանում են պտղակալից և նրա մեջ գտնվող սերմերից: Լինում են գնդաձև, տանձանման, 15—20 գ և ավելի կշռով, կանաչ-վարդագույն, սև-վարդագույն, դեղնա-վարդագույն: Սովորաբար երկտուն բույս է՝ բաժանասեռ ծաղիկներով, լինում են նաև միատուն: Արական և իգական ծաղիկները հավաքված են տանձանման, երբեմն գնդաձև ծաղկաբույլերում: Փոշոտումը՝ խաչաձև, կատարվում է փոքրիկ միջատի՝ բլաստոֆագայի միջոցով: Որոշ սորտեր պտուղ են առաջացնում առանց փոշոտման՝ կուսածնությամբ (պարթենակարպ): Իգական ծառերի մեծ մասը տարվա ընթացքում բերք է տալիս 1—2 անգամ: Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված վիճակում: Ջերմասեր բույս է, բազմանում է կտրոններով, անդալիսով, սերմերով: Մշակվում է Թուրքիայում, Ալժիրում, ԱՄՆ-ում, ՍՍՀՄ-ում՝ Անդրկովկասում, Դաղստանում, Կրասնոդարի երկրամասում, Գրիմում և Միջին Ասիայում: ՀՍՍՀ-ում մշակվում է Մեղրու, Նոյեմբերյանի, իջևանի շրջաններում: Մեծ մասամբ տարվա ընթացքում տալիս է 1 բերք:
Ա. Մարգարյան
