ՀՍՀ/ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏ
ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏ, ջրային սպորտի ձև: Լինում են 2 տեսակ՝ թիակալ ունեցող մակույկներով և անթիակալ մակույկներով: Առաջինին պատկանում են ակադեմիական, ծովային բազմաթի մակույկներով, ժողովրդական նավակներով թիավարությունները, երկրորդին՝ բայդարկաներով ու կանոնով թիավարությունը, ջրային սլալոմը: Առավել տարածված են ակադեմիական թիավարությունը և բայդարկայով ու կանոնով թիավարությունը: Ակադեմիական թիավարությունը լինում է 2 ձևի՝ զուգադիր թիակներով թիավարության, երբ յուրաքանչյուրը թիավարում է զուզահեռ դրված 2 թիակով և հակադիր թիակներով թիավարություն, երբ յուրաքանչյուրը թիավարում է իրար հակադիր դրված մեկական թիակով: Մակույկների տեսակները, զուգադիր՝ մեկտեղանոց, երկտեղանոց, չորստեղանոց՝ առանց ղեկորդի և ղեկորդով, հակադիր՝ երկտեղանոց, չորստեղանոց առանց ղեկորդի և ղեկորդով, ութտեղանոց՝ ղեկորդով: Մրցումները կատարվում են ուղիղ տրասայում, 200 մ (տղամարդկանց համար), 1000 մ (կանանց), 1500 մ (պատանիների և 800 մ (աղջիկների) տարածություններում: Ակադեմիական թիավարությունը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, առաջին մրցումներն անցկացվել են XX դ. 20-ական թթ.: 1923-ին անցկացվել են ՍՍՀՄ առաջնության մրցումներ: Հայաստանում ակադեմիական թիավարությամբ զբաղվել են 1973-ից: 1975-ից հայ թիավարողները մասնակցում են ՍՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային: 1976-ին Մոսկովյան մեծ ռեզատայում Ռ. Հարությունյանը գրավել է I տեղը: ՀՄՍՀ-ում ներկայումս գործում է թիավարության մասնագիտացման մարզադպրոց: 1967-ին Երևանի ֆիզկուլտուրայի պետ. ինստ-ում բացվել է թիավարության մասնագիտացման բաժին: Թիավարություն բայդարկայով ու կանոնով, ընդգրկում է անթիակալ սպորտային թիավարության 4 ինքնուրույն ձև, հարթ մրցարշավ և սլալոմ բայդարկաներով, հարթ մրցարշավ և սլալոմ կանոնով: Զարգացել է XIX դ. կեսին: 1924-ին հիմնվել է բայդարկայով ու կանոնով թիավարության միջազգային ֆեդերացիան (ԻԿՖ): 1928-ից ընդգրկվել է ՍՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, 1953-ից՝ ՍՍՀՄ առաջնության մրցումների ծրագրում: 1953-ին հիմնվել է բայդարկայով ու կանոնով թիավարության ՍՍՀՄ սեկցիան, որը 1959-ին վերակազմակերպվել է ֆեդերացիայի: Հայաստանում բայդարկայով և կանոնով թիավարությամբ զբաղվում են 1955-ից: Հայ թիավարողներից հայտնի են Հ. Ֆերանյանը, Թ. Հակոբյանը և մարզիչ Լ. Ոսկանյանը:
Ա. Առաքելյան
