Jump to content

ՀՍՀ/ԹԻՐՅԱՔՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԻՐՅԱՔՅԱՆ Հարություն (25.12.1845, Թալաս, Կեսարիա—2.3.1919, Նյու Յորք), հայ բանասեր, արևելագետ, թարգմանիչ, բժիշկ: 1878-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, վերադարձել Կ. Պոլիս և նշանակվել հիվանդանոցի գլխավոր բժիշկ: 1882—1884-ին ընտրվել է Կ. Պոլսի ազգային ժողովի ատենապետ, ծավալել հասարակական գործունեություն: 1890-ին Ա. Արփիարյանի և ուրիշների հետ ձերբակալվել է որպես հակակառավարական ցույցի կազմակերպիչ: 1896-ին ընտանիքով տեղափոխվել է Պարսկաստան, նշանակվել արքունի բժիշկ, արժանացել «քսան» տիտղոսի: 1907-ից ապրել է ԱՄՆ-ում: Տիրապետել է զենդերենին, պահլավերենին, հին և նոր պարսկերենին: Ուշագրավ են «Հայկական տաղաչափություն» (1906), «Հայերենի զեղծումները» (1917), «Հայ-երանական ուսումնասիրությունք» (1922) բանասիրական ու լեզվաբանական աշխատությունները: Թ. Հեղինակն է «Արիահայ բառարան…»ի (1914, տպագր. ավարտվել է 1920-ին), որտեղ ստուգաբանվել են պարսկ. ծագում ունեցող հայերեն բառերը: Արժեքավոր են Ֆիրդուսու «Շահնամե»ի, «Արտաշիր Բաբական» դրվագի (1909), Ատրպատ Մարասպանտի «Անդարձ» (1909) խրատների ժողովածուի, Ն. Բուալոյի «Արվեստ քերթողական»ի (1919), Սաադիի «Գոլեստան»ի (1920) և այլ գործերի հայերեն թարգմանությունները:

Ա. Ավետիսյան