ՀՍՀ/ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ
ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ցեղակից լեզուների ընտանիք: Բնորոշվում են ծննդաբանական և տիպաբանական ընդհանուր հատկանիշներով: Խոսվում են ընդարձակ տերիտորիայի վրա, որի արմ. թևը հասնում է մինչև Արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իսկ արլ-ը՝ Սիբիրի խորքերը, ներառյալ Միջին Ասիան: ՍՍՀՄ-ում առկա 23 Թ. լ-ով խոսում են 25 մլն մարդ (1970): Ելնելով որոշ ընդհանրություններից ու նմանություններից, ոմանք (Ե. Պոլիվանով, Գ. Ռամշտեդտ) Թ. լ. (տունգուս-մանջուրական, մոնղոլական խմբերի, նույնիսկ կորեերենի ու ճապոներենի հետ) մտցնում են ավելի մեծ լեզվաընտանիքի մեջ և կոչում ալթայան լեզվաընտանիք: Վերջինս հայտնի է նաև ուրալ-այթայան անունով, երբ նրան ավելացվում են ուգրա-ֆիննական և սամոդիական լեզուները: Բուն թյուրքական լեզվաընտանիքը ներկայացվում է տարբեր խմբավորումներով: Առավել հայտնի է հետևյալ դասակարգումը. 1. արևմտյան (արևմտա-խունական) ճյուղ՝ ա) բուլղարական խումբ (բուլղարերեն, խազարերեն, չուվաշերեն), բ) օգուզյան խումբ (թուրքմեներեն, պեչենեգերեն, գագաուզերեն, ադրբեջաներեն, թուրքերեն ևն), գ) ղփչաղյան խումբ (ղփչաղերեն, պոլովեցերեն, կումիկերեն, կարաչայա-բալկարերեն, թաթարերեն, բաշկիրերեն, նողայերեն, ղազախերեն, կարակալպակերեն ևն), դ) կարլուկյան խումբ (չաղաթայերեն, ուզբեկերեն, նոր ույղուրերեն ևն): 2. Արևելյան (արևելա-խունական) ճյուղ՝ ա) ույղուրական խումբ (թուվիներեն, կարագասերեն, յակուտերեն, խակասերեն, շորերեն ևն), բ) կիրգիզ-ղփչադյան խումբ (կիրգիզերեն, ալթայերեն ևն): Բնորոշ են ձայնավորների ներդաշնակությամբ, կցական կառուցատիպով, սեռի բացակայությամբ, ստացական առման կարգով, ետադրությունների գործածությամբ, վերադրի նախադաս դիրքով, անվանական և բայական հարուստ ձևերով: ՍՍՀՄ-ում խոսվող Թ. լ. ունեն ռուսագիր այբուբեն, թուրքերենը՝ լատինագիր:
Գրկ. Баскаков Н. А., Тюркские языки, в кн.: Языки народов СССР, т. 2, М., 1966.
Հ. Պետրոսյան
