ՀՍՀ/ԹՈՄՍՈՆ ԿԵԼՎԻՆ ՈՒԻԼՅԱՄ
ԹՈՄՍՈՆ (Thomson), լորդ Կելվին (Kelvin) Ուիլյամ (26.6.1824, Բելֆաստ —17.12.1907, Լոնդոն), անգլիացի ֆիզիկոս: Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1851-ից) և պրեզիդենտ (1890—95): Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1845): 1846—99-ին եղել է Գլազգոյի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ղեկավարը: Լորդի տիտղոսն ստացել է 1892-ին՝ գիտական վաստակի համար: Թ. զբաղվել է ֆիզիկայի, մաթեմատիկայի ու տեխնիկայի տարբեր հարցերով: 1845-ին մշակել է էլեկտրական պատկերման մեթոդը, որը թույլ տվել լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստատիկայի, ջերմահաղորդականության տեսության մի շարք բարդ խնդիրներ: Թին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը (1851), սակայն, այդ սկզբունքից ելնելով, նա արտահայտել է «Տիեզերքի ջերմային մահվան» վարկածը: Ջ. Ջոուլի հետ համատեղ հայտնագործել է Ջոուլ-Թոմսոնի Էֆեկտը: Ֆիզիկայում Թ. է ներմուծել բացարձակ ջերմաստիճանի հասկացությունը և ջերմաստիճանների բացարձակ ցուցնակը (1848): 1856-ին հայտնագործել է էլեկտրական հոսանքի միջոցով ջերմության տեղափոխման երևույթը (Թոմսոնի երևույթ): Թ. ստեղծել է էլեկտրական տատանումների տեսության հիմունքները. 1853-ին արտածել է կոնտուրի ունակությունից և ինդուկտիվությունից սեփական տատանումների պարբերության ունեցած կախումն արտահայտող բանաձևը: Մշակել է մաթ. ֆիզիկայի կարևորագույն խնդիրները: Զբաղվել է նաև հիդրոդինամիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմներով: Թ-ի աշխարհայացքում պարզորոշ արտահայտված է եղել բնության բոլոր երևույթները մեխանիկական շարժմանը հանգեցնելու, ֆիզիկական բոլոր պրոցեսները մեխանիկայի օրենքներով բացատրելու ձգտումը: Թ. եղել է մի շարք երկրների գիտական հիմնարկների և ընկերությունների անդամ, պատվավոր անդամ, այդ թվում՝ Պետերբուրգի ԳԱ թղթ-անդամ (1877-ից) և պատվավոր անդամ (1896-ից):
Գրկ. Лгебединский В., Вильям Томсон лорд Кельвин (1824—1907), Л., 1924 «Электричество», 1924, 6 (посвящен памяти Томсона).
