Jump to content

ՀՍՀ/ԹՈՅՆԲԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՅՆԲԻ (Toynbee) Առնոլդ Ջոզեֆ (1889—1975), անգլիացի պատմաբան և սոցիոլոգ: 1919—55-ին՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսներին: Լինելով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստ-ի ղեկավարներից՝ կազմել (Վ. Բաուլթերի հետ) և խմբագրել է աշխարհի քաղ. իրադարձությունների ամենամյա տեսությունները («Survey of international affairs», 1925—65): Թին համաշխարհային համբավ բերեց նրա «Պատմության հետազոտություն» երկը (հ. 1—12, 1934—61): Սկզբնապես հարելով ցիկլայնության տեսակետին, Թ. պատմությունը դիտում էր որպես զուգահեռաբար և հաջորդաբար զարգացող «քաղաքակրթությունների» մի գումար, որոնցից յուրաքանչյուրն անցնում է զարգացման միանման փուլեր՝ ծագում (genesis), աճ (growth), բեկում (breakdown) և քայքայում (disintegration): Ավելի ուշ Թ. վերանայեց այդ կոնցեպցիան, գալով այն եզրակացության, որ բոլոր հայտնի քաղաքակրթությունները (որոնք ըստ նրա 13-ն են) «պատմության միասնական ծառի» ճյուղերն են, որ համաշխարհային պատմության զարգացումը մարդկության շարժումն է տեղական եզակիներից (քաղաքակրթություններից) դեպի վերջնական համընդհանուրը՝ միասնական համամարդկային քաղաքակրթությունը: Նա մարդկության առաջադիմությունը դիտում է որպես հոգևոր կատարելագործում, կրոնական էվոլյուցիա՝ պարզունակ անիմիստական պաշտամունքից դեպի համապարփակ կրոններն ու ապագայի միասնական չտարբերակված (սինկրետիկ) կրոնը: Վերջին աշխատություններում Թ. նկատելիորեն բարեշրջել է նաև իր քաղ. հայացքները, երբեմնի նրա՝ ԱՄՆ-ի անվերապահ ջատագովությունը տեղի է տվել քննադատական վերաբերմունքին, համակրանքով էր վերաբերվում ազգային-ազատագրական շարժումներին, արտահայտվում էր հօգուտ Արևմուտքի և սոցիալիստական երկրների խաղաղ գոյակցության: Թ. առանձին ուսումնասիրություն է նվիրել արևմտահայերի 1915-ի ողբերգությանը՝ «Հայկական սարսափները. մի ազգի բնաջնջումը» (1915), որտեղ մերկացրել է երիտթուրքերի շովինիզմն ու հայաջինջ քաղաքականությունը: Գործուն մասնակցություն է ունեցել Ջ. Բրայսի կազմած փաստաթղթերի հայտնի ժողովածուի («The treatment of Armenians in the Ottoman Empire», 1915—1916) հրատարակմանը

Երկ. Turkey: A past and a future, N. У., 1917 The present-day experiment in Western civilisation, Oxf., 1962 Experiences, L., 1969.

Գրկ. Маркарян Э. С., О концепции локальных цивилизаций, Е., 1962 Чесноков Г. Д., Современная буржуазная философия истории, Горький, 1972.