Jump to content

ՀՍՀ/ԹՈՆԴՐԱԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՆԴՐԱԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, աղանդավորական-սոցիալական շարժում Հայաստանում IX—XI դարերում: Հիմնադիրը Սմբատ Զարեհավանցին էր, որը IX դ. 30—40-ական թթ. (այլ կարծիքով՝ 70—80 ական թթ.) Հայաստանի մի շարք վայրերում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո Թոնդրակ ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրել կենտրոն: Այնուհետև ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսություններից ստեղծել մեկ միասնական ուսմունք, միավորել է եղած խմբավորումներից շատերը՝ դառնալով նոր աղանդի օրենսդիր: Թոնդրակի անունով հակառակորդները շարժումը կոչել են «թոնդրակեցիների աղանդ» կամ «թոնդրակեցիներ»: Պատմագիտության մեջ հայտնի է «Թոնդրակյան շարժում(Թ. շ.)» անունով: Ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղացման հետևանքով աղանդը այնքան է տարածվել, նորանոր կողմնակիցներ ներգրավել, որ վերաճել է հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման՝ իր դեմ հանելով ոչ միայն հայ եկեղեցուն և խոշոր ավատատերերին, այլև օտար բռնատիրողներին: Վերջիններից Մանազկերտի ամիր Աբուլ-Բարդը 840—850-ական թթ. դաժանորեն ճնշել է այն և նահատակել Սմբատ Զարեհավանցուն: Դրանից հետո Թ. շ. վայրէջք է ապրել, սակայն X դ. սկզբին Հայաստանի կենտրոն, և հս-արլ. գավառներում բռնկված գյուղացիական հակաֆեոդալական ընդվզումների շնորհիվ աշխուժացել է, տարածվել շատ գավառներում՝ իր շարքերում ընդգրկելով նաև նախկին (հատկապես՝ պավլիկյան) շարժումների հետևորդներին: Ընդվզումներն առանձնապես մեծ թափ են ստացել Սյունիքում (906—930) և Այրարատում (915—920), որոնք վերածվել են ապստամբության: Հատկանշական է Սյունիքի Ցուրաբերդ (Ցուր), Բերդ և Տամալեք գյուղերի բնակիչների պայքարը Տաթևի վանքի դեմ: Ցուրաբերդցիները հարձակվել են վանքի վրա, սպանել վանահորը, թափել մյուռոնը: Սակայն շուտով իշխանական զորախմբերը ճնշել են այդ ելույթները: Դրա հետևանքով Թ. շ. ժամանակավորապես թուլացել է, բայց X դ. 2-րդ կեսից սկսվել է նոր վերելք: Հարք գավառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյուղերում, Խնուս, Անի և այլ քաղաքներում կազմակերպվել են համայնքներ՝ ծավալելով աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկքում: X դ. վերջին և XI դ. սկզբին Թ. շ. հասել է իր բարձրակետին: Դրան մեծապես նպաստել է դեռևս X դ. 30-ական թթ. երկրում սկսված տնտ. ու հասարակական կյանքի վերելքը, դասակարգային հակամարտությունների սրումը: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, եպիսկոպոս Հակոր Հարքացու գլխավորությամբ, թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992—1019) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել է և դեմքին աղվեսադրոշմ խարանել: Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, Կունծիկ Աբեղայի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց՝ Հրանույշի, Կամարայի, Ախնիի և իշխան Վրվեռի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ 1005-ի (այլ տվյալով՝ 1011-ի) ապրիլի 1-ին՝ կործանել Բազմաղբյուր ավանի (խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան՝ Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշեն և Աղյուսոն, 6 ղեկավար քարոզիչների ձերբակալելով՝ տարել Ջերմ գյուղաքաղաքը և հրապարակորեն դատել ու աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդ. դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը: XI դ. 3 Օ-ական թթ., երբ Բյուզանդիան ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թ. շ. բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ ավելի ակնառու այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդ. ֆեոդալները՝ հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թ. շ-ման դեմ: Հայաստանի հվ. նահանգների և Միջագետքի հս. մասերի բյուզանդ. կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները 1050—53-ին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր՝ թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես և սելջուկյան արշավանքների հետևանքով XI դ. 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թ. շ. սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ: Թոնդրակեցիների որոշ մնացորդներ ապաստանեցին Հյուսիսային Միջագետքում: Թ. շ. վերաճելով գյուղացիական զանգվածային պայքարի՝ ընդգրկել էր նաև սոցիալական այլ խավերի՝ քաղաքային բնակչության, ցածրաստիճան հոգևորականության ու մանր ազնվականության ներկայացուցիչներին, ինչպես նաև մինչ այդ եղած աղանդների հետնորդներին: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի ազդեցություն է թողել շարժման վրա: Եթե ցածրաստիճան հոգևորականությունն ու մանր ազնվականությունը ձգտել են չափավոր բարեփոխումների (բարձրաստիճան հոգևորականության վերացում, եկեղեցական ծեսերի պարզեցում ևն) և Թ. շ-ման մեջ հիմնականում կատարել ուղեկիցների դեր, ապա՝ գյուղի և քաղաքի շահագործվող զանգվածները ամբողջությամբ մերժել են խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները: Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի աստծո» պաշտամունքը՝ թոնդրակեցիները մերժել են Հիսուս Քրիստոսի աստվածությունը, մարդկայնացրել նրան՝ համարելով սոսկ մարգարե: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը՝ մարդու երկրային արարքների համար: Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք՝ մարդու և աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են և պետք է վերացվեն: Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու: Մարդն ունի մեկ՝ երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա, վերացնել բռնությունը, կեղեքումը, անիրավությունը, ստեղծել արդար համայնակենցաղ: Մարդը պետք է ապրի ազատ, միջամտի իր կյանքի կազմակերպմանն ու կարգավորմանը, հասարակության զարգացման ընթացքին, հետևաբար պետք է վերացնել դրան խանգարող հոգևոր և աշխարհիկ իշխանության տիրող կարգը՝ իր դասային արտոնություններով ու տարբերություններով: Բոլոր մարդիկ հավասար են, ունեն հավասար իրավունք: Հակադրվելով տիրող կարգերին՝ թոնդրակեցիներն իրենց հոգևոր ու աշխարհիկ գործերը ղեկավարելու համար ճանաչել են միայն իրենց համայնքներից բարձրացած առաջնորդների հեղինակությունը: Թ. շ. միջնադարյան Հայաստանի հասարակական-գաղափարական կյանքի ամենանշանակալից հեղափոխական երեվույթներից էր: Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա: Թ. շ. տարածված է եղել նաև Աղվանքում: Թ. շ. իր գեղարվեստական արտացոլումն է գտել Վ. Դավթյանի «Թոնդրակեցիներ» պոեմում:

Գրկ. Արիստակես Լաստիվերցի. Պատմության, Ե., 1971 Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, Ալեքսանդրապոլ, 1910: Պողոսյան Ս. Պ., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX—Х III դարերում, Ե., 1956: Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 1, Ե., 1957: Տեր-Մինասյան Ե. Գ., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: Бартикян P.M., Ответное послание Григория Магистра Пахлавуни сирийскому католикосу, Палестинский сборник, в. 7(70), М.Л„ 1962.

Ս. Պողոսյան