Jump to content

ՀՍՀ/ԹՈՐԹՈՒՄ ԳԱՎԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՐԹՈՒՄ, գավառ և ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում: Գավառի կենտրոնն էր Թորթում ավանը: Համապատասխանում էր Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառին և Ոքաղե գավառի մեծ մասին: Տարածվում էր Թորթում (Ազորդ) գետի ավազանում: Սահմանակից էր արմ-ից՝ Ասյաց փոր, հվ-ից՝ Ոքաղե, արլ-ից՝ Բողիա և հս-ից՝ Ճակք գավառներին: Թ. ունի լեռնային գեղատեսիլ բնություն, տաք կլիմա՝ նպաստավոր պտղաբուծության համար: Թ. գավառը վաղ միջնադարում (111—IX դդ.) եղել է Մամիկոնյանների տոհմական կալվածքը: X դ. Տայքի կյուրապաղատության կազմում էր: 1000-ին միացվեց Բյուզանդական կայսրությանը, XI դ. վերջին նվաճեցին սելջուկները, XIII դ. 2-րդ կեսից մինչև XVI դ. վերջը ենթարկվել է Սամցխեի աթաբագներին: 1590-ին Թին տիրեցին օսմանյան թուրքերը, այն մտավ Էրզրումի վիլայեթի մեջ որպես կազա: Օսմանյան տիրապետության ընթացքում գավառի հայ բնակչությունը ենթարկվում էր ծանր հարկահանության և կրոնական հալածանքների: XVIII—XIX դդ. բնակչության մեծ մասը բռնի մահմեդականացվեց, սակավաթիվ քրիստոնյա հայեր (հայածես և կաթոլիկներ) գոյատևեցին մինչև XX դ. սկիզբը: Թի հայերն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Եթե Բասենը Էրզրումի հացի, ապա Թ. մրգի շտեմարանն էր: Ռաբատ և Պար գյուղերում կային աղահանքեր: Թ. ավանը XIX դ. սկզբին ուներ 400 հայ ընտանիք, բայց դարի վերջին մնացել էր ընդամենը 25-ը: Թ-ի գավառը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց մի մասը համեմատաբար լավ է պահպանվել: Թ. ավանի մոտ մինչև այժմ կանգուն են միջնադարյան ամրոցը և Խսխու գյուղի Ս. Աստվածածին վանքը: XIX դ. վերջի վիճակագրական տվյալներով Թ-ի գավառում կար 73 գյուղ, որից 11-ը՝ զուտ հայաբնակ: Մի շարք գյուղեր մինչև այժմ էլ պահպանել են իրենց հայկ. անունները՝ Ազորդ, Խարս, Նորշեն, Վարդաշեն, Ընկուզեկ, Տանձուտ, Վխիկ, Քցխա, Խախու, Վախթիկանս, Գեղիկ, Քարընկոս, Իս, Ագարակ, Պար, Զկնաջուր, Խոգ-բրիկ, Վերին գեղ: Թի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

Գրկ, Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, հ. 1, Վնտ., 1806: Տաշյան Հ., Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վնն., 1921: Նույնի, Տայք, Դրացիք և Խոտորջուր, «ՀԱ», 1970, 7-9, 1971, 1-3: G ս inet V., La Turquie d Asie, t. 1, P., 1892.

Ռ. Մաթևոսյան