ՀՍՀ/ԹՈՒՂԹ
ԹՈՒՂԹ, մշակված և միմյանց միահյուսված բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ, թելերը միմյանց կապվում են կառչման մակերևութային ուժերով: Պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը (Չինաստան, II դ.): Եվրոպայում երևան է եկել XI XII դդ.: Թ-ի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի ու միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգված: Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից. թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմ. և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերջնամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում: Կախված նշանակությունից՝ Թ. բնութագրվում է տարբեր ցոլցանիշնե-րով. 1 մ²-ու զանգվածը՝ 4-250 գ, հաստությունը՝ 4—400 մկմ, կտրման երկարությունը՝ 1200—16000 մ: Թ-ի հիմնական մեխանիկական հատկություններն են՝ խզման երկարությունը, կոտրման ունակությունը, սեղմելիությունը, ոլորելիությունը, խոնավությունը, գույնը, ճերմակությունը ևն: Հայտնի է մոտ 600 տեսակի Թ.: ՍՄՀՄ-ում ընդունված դասակարգմամբ Թ. բաժանվում է 11 կարգի, տպագրական, գրելու, գծագրական-նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակոտաժապավենների համար ևն), լուսազգայուն. Փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական: Հայաստանում Թ. օգտագործվել է VIII—IX դարերից: Թ-ի վրա մեզ հասած ամենահին հայերեն ձեռագիրը X դարի է:
