Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՂԹ ԳՐԱԿԱՆ ԺԱՆՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒՂԹ (ուղերձ, նամակ), գրական ժանր: Հրապարակախոսական կամ բանաստեղծական երկ՝ հորինված նամակի ձևով և ուղղված որևէ անձի (կամ մարդկանց խմբի): Թ-ի առաջին օրինակները (չափածո) տվել են հռոմեական բանաստեղծներ Հորացիոսը (մ. թ. ա. I դ.) և Օվիդիոսը (մ. թ. ա. I մ. թ. I դդ.): Թ-ին բնորոշ են փիլ. խորհրդածությունը, հրապարակախոսական շեշտը, երբեմն էլ՝ սատիրական երանգը (Կլեման Մառոյի, Բուալոյի, Վոլտերի, Գյոթեի, Շիլլերի, Պուշկինի, Չարենցի և այլոց ուղերձները): Չափածո Թ. ուղղվում է իրական-պատմական (կամ երևակայական) որևէ անձնավորության: Արձակ Թ. զարգացել է վաղ քրիստոնեության շրջանում և հատկապես միջնադարում՝ դառնալով քրիստոնեական գրականության հիմնական տեսակներից: Հայտնի են Նոր կտակարանի մասը կազմող և քրիստոնեական առաջին համայնքներին ուղղված առաքելական Թերը (տես Թուղթք առաքելոց): Միջնադարում Թ. ունեցել է գլխավորապես բարոյախրատական և դավանաբանական բնույթ: Հայ մատենագրության մեջ զարգացել է ինչպես առաքելական, այնպես էլ անտիկ Թի գրական-ճարտասանական առանձնահատկությունների յուրացմամբ: Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Հովհաննես Երզնկացու և այլ մատենագիրների Թերը Հայաստանի քաղ. պատմության, սոցիալական շարժումների, դավանական պայքարի ու գիտական մտքի ընթացքը լուսաբանող սկզբնաղբյուրներ են: Դրանց մի մասը մեզ է հասել նաև առանձին ժողովածուներով, որոնցից առավել կարևորներն են «Գիրք թղթոց»ը (հրտ. 1901), Գրիգոր Մագիստրոսի 88 Թերը (հրտ. 1910) և Թովմա Մեծոփեցու կազմած «Թուղթ նամակի վարդապետաց եկեղեցւոյ» հավաքածուն (Վենետիկ, Մխիթարյան միաբանության մատենադարանի 1091 ձեռագիր):

Պ. Խաչատրյան