Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ-ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին՝ Ալավերդու և Դսեղի գավառներից: Տարածությունը 1110 կմ³ է: Բնակչությունը՝ 35,6 հզ. (1976): Հս-ում սահմանակից է Վրաց. ՍՍՀ-ին: Վարչական կենտրոնը՝ Ալավերդի: Բնական պայմանները: Թ. շ. գտնվում է Փոքր Կովկասի արտաքին լեռնաշղթաների ենթամարզում՝ 520—2545 մ բարձրությունների վրա: Դեբեդի ձախ ափին ձգվում են Վիրահայոց լեռնաշղթայի կենտրոնական և արլ. հատվածները, աջ ափին՝ Գուգարաց լեռնաշղթան: Ռելիեֆի հիմնական տարրերից է Դեբեդի կիրճը (մինչև 350 մ խորությամբ), որի աջ լանջն ուղղաձիգ է, մերկ, ժայռոտ, բաղկացած անդեգիտաբազալտներից ու պորֆիրիտներից (երբեմն առաջացնում են բազմանկյուն սյունաձև անջատումներ), ձախ լանջը զառիթափ է, աստիճանաձև: Ստորին հոսանքում կիրճը լայնանում է և լավային դարավանդներին փոխարինում են ալյուվիալ դարավանդները: Կիրճից աջ ու ձախ ձգվում է լավային սարավանդների գոտին (700—1100 մ բարձրությամբ): Հարուստ է պղնձածծմբահրաքարերով (Շամլուղ, Ալավերդի), բազմամետաղներով, հրաքարերով (Ախթալա), հրակայուն ապարներով (Թումանյան), բարիտով (Աքորի, Ախթալա), գիպսով (Ալավերդի), տուֆերով (Ծաթեր, Ղաչաղան): Կլիման բարեխառն է (չափավոր մեղմ ձմեռներով), հս. ցածրադիր մասերում՝ չոր մերձարևադարձային: Միջին ջերմաստիճանը հունվարին 1,2°C-ից 1,8°C-է, հուլիսին՝ 19,2°C-ից 22,7°C, տարեկանը՝ 8,9С ից 12,0°C: Տարեկան տեղումները 500—562 մմ են, անսառնամանիք օրերի թիվը՝ 228: Գլխավոր գետը Դեբեդն է՝ (շրջանի սահմաններում մոտ 50 կմ) Մարցիգետ և Շնող վտակներով: Թ. շ-ում է Մ. Սարգիս լիճը: Գերակշռում են լեռնա-անտառային դարչնագույն հողերը: Հանդիպում են լեռնա անտառային տափաստանային հողեր, հվ-արմ-ում՝ չափավոր խոնավ տափաստանների լեռնա-կարբոնատային հողեր և տիպիկ սևահողեր՝ կուլտուրացված ոռոգվող հողերի ոչ մեծ զանգվածներով: Լավ է արտահայտված լեռնատափաստանային լանդշաֆտը, որը ծայր հս-ում փոխարկվում է չոր տափաստանայինի: Շրջանի տարածքի կեսը անտառածածկ է: Բարձրադիր մասերում տիրապետում են լորենու անտառները՝ բոխու և հացենու, ծառատեսակների հետ: Ալավերդուց հս. հանդիպում են գինու նոսր անտառներ՝ շիբլյակի բուսատներով: Գետափնյա հարթ տարածություններում կան անտառայգիներ (խնձորենու, դեղձենու տնկարկներով): Կենդանիներից հանդիպում են արջ, անտառակատու, այծյամ, եղնիկ, գայլ, աղվես, նապաստակ: Բնակչությունը: Բնակվում են հայեր (95 ադրբեջանցիներ, ռուսներ, հույներ, քրդեր, ուկրաինացիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ²-ի վրա 32 մարդ է (1976): Խիտ են բնակեցված Դեբեդի ձախափնյա, մասամբ նաև՝ աջափնյա սարավանդները, Մարցիգետի հովիտը: Բնակավայրերի 57 ը գտնվում է 1000—1500 մ, 30 ը՝ մինչև 1000 մ, 13 ը՝ 1500—2000 մ բարձրությունների վրա: Ունի 37 բնակավայր՝ այդ թվում 3 քտա (Ախթալա, Թումանյան, Շամլուղ): Քաղաքային բնակչությունը մոտ 24 է: Պատմական ակնարկ: Թ. շ. հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ՝ կազմելով Տաշիր կամ Տաշիրք գավառի արլ. մասը: Այստեղ իշխում էին Գուգարքի բդեշխները, իսկ VIII—XIII դդ.՝ Բագրատունիները, Օրբելյանները, Զաքարյանները և մասամբ Մամիկոնյանների շառավիղները: XIX դ. և XX դ. սկզբին Բորչալուի հետ միասին կազմում էր Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառը: 1920—29-ին Թ. շ. Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի և Նոյեմբերյանի շրջանների հետ կազմում էր Լոռի-Փամբակի գավառը: Թ. շ. հայտնի է իր հեղափոխական հարուստ անցյալով: Առաջին բանվորական ելույթները տեղի են ունեցել դեռևս 1896-ին՝ Ալեքսանդրապոլ—Թիֆլիս երկաթգծի շինարարության՝ Ախթալա և Սանահին—Զամանլու տեղամասերում: ՌՍԴԲՊ Թիֆլիսի, Բաքվի և Բաթումի կոմիտեների օգնությամբ 1901 03-ին մարքսիստական և լենինյան-իսկրայական կազմակերպություններ են ստեղծվել Ալավերդում, Հաղպատում, Սանահինի կայարանում: Առավել աչքի ընկնող դեր էր խաղում Հաղպատի բուշևիկյան կազմակերպությունը: 1905-07-ի հեղափոխության տարիներին բեղմնավոր է եղել Ալավերդի, Սանահին, Ախթալա, Քոլագերան (Թումանյան) երկաթուղային կայարանների, կուսբջիջների գործունեությունը, որոնք մտնում էին Բորչալւուի բոլշևիկյան կազմակերպության (ԲԲԿ) մեջ: ԲԲԿ-ի ղեկավարությամբ են անցել Հաղպատի և Լոռու գյուղացիների քաղ. ընդվզումները, Ալավերդու պղնձահանքերի, սղոցարանի և Սանահին կայարանի բանվորների գործադուլներն ու ցույցերը: Հաղպատ, Ծաթեր, Ուզունլար (Օձուն), Վարդաբլուր, Կուրթան և այլ գյուղերի Հեղկոմները գլխավորում էին գյուղացիության պայքարը: Հայաստանի հեղափոխական շարժումների պատմության մեջ ուշագրավ էջ են Սանահինի երկաթուղայինների ու Ալավերդու հանքափորների 1905-ի և Ալավերդու բանվորների 1906-ի գործադուլները (տես Ալավերդու բանվորների հեղափոխական ելույթներ): Ստոլիպինյան ռեակցիայի տարիներին շարունակում էր գործել Ալավերդու սոցիալ-դեմոկրատական խմբակը: Հեղափոխական վերելքի տարիներին (1910—14) բանվորական ելույթները նոր թափ ստացան (1913-ի Ալավերդու բանվորական հուզումները, 1914-ի մարտյան գործադուլը): Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո, ինչպես ամբողջ Անդրկովկասում, Ալավերդում ևս ստեղծվեցին բանվորների դեպուտատների սովետներ: Բոլշնիկները տեղական ինքնավարության մարմինների ընտրություններում շահեցին 5 անգամ ավելի շատ տեղ, քան դաշնակցականները: Սակայն օգտվելով երկրամասում ստեղծված քաղաքական բարդ իրադրությունից, 1917-ի նոյեմբերին Անդրկովկասի բուրժուա-նացիոնալիստական կուսակցությունները կարողացան տեղերում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Դաշնակների և վրաց մենշևիկների նացիոնալիստական քաղաքականությունը 1918-ի վերջերին հանգեցրեց հայ-վրացական ընդհարման: Այդ օգտագործելով որպես Անդրկովկասի ներքին գործերին միջամտելու առիթ՝ անգլո-ամերիկյան ինտերվենտները 1919-ի հունվարին Լոռու շրջանի մի մասը հայտարարեցին «Չեզոք գոտի», իսկ մենշևիկյան Վրաստանը, օգտվելով նրանց հովանավորությունից, օկուպացրեց այն: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Սովետական Հայաստանի կառավարության փորձերը՝ բանակցությունների միջոցով կարգավորել Լոռու «Չեզոք գոտու» վիճելի հարցերը, անհաջողության մատնվեցին: ՈԿ(բ)կ Կովկասյան երկրային կոմիտեի բյուրոյի ցուցումներով Լոռու բոլշեվիկյան կազմակերպություններն աշխատավորությանը նախապատրաստում էին զինված ապստամբության: 1921-ի հունվ. 2-ին Ղարաքիլիսայում (Կիրովական) կայացավ Լոռու կուսակցական կազմակերպությունների կոնֆերանս, որին մասնակցեցին նաև «Չեզոք գոտու» ներկայացուցիչները: Կոնֆերանսը քննարկեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի ներկայացուցիչ Ա. Մռավյանի զեկուցումը Լոռու կոմունիստական կազմակերպությունների հերթական խնդիրների մասին: Փետր. 7-ին ստեղծվեց Լոռու ռազմա-հեղափոխական կոմիտե: Ապստամբության պատասխանատու ղեկավար նշանակվեց Հ. Լազյանը: 1921-ի փետր. 11-ի լույս 12-ի գիշերը «Չեզոք գոտում» բռնկված ժողովրդական ապստամբության շնորհիվ հաստատվեցին սովետական կարգեր: Մինչև Սովետական Հայաստանի վարչա-տերիտորիալ նոր բաժանումը Թ. շ ի կուսակցական կազմակերպությունը մտնում էր Լոռու գավառային կազմակերպության մեջ: Շրջանային կուսակցական կազմակերպությունն ստեղծվել է 1930-ին: Մինչև 1978-ը կայացել է 39 կոնֆերանս: 1978-ի հունվարի 1-ի դրությամբ շրջանում գործում էր 83 սկզբնական կազմակերպություն՝ 3168 կոմունիստովս 109 ՀԼԿԵՄ կազմակերպություն՝ 6883 կոմերիտականով: Շրջանը հարուստ է ճարտարապետական հուշարձաններով և համալիրներով, առավել նշանավոր են Օձունի միանավ եկեղեցին (VI ղ.), կոթող-մահարձանը (VI դ.) և գմբեթավոր բազիլիկը (VI դ.), Հաղպատի (X—XIII դդ.), Սանահինի (X—XIII դդ.), Ախթալայի (XIII դ.), Քոբայրի (XII—XIII դդ.), Խորակերտի (XI—XIII դդ.), Արդվիի Ա. Հովհաննես (VIII—XVII դդ.), Դսեղի Քառասնից մանկաց (XI դ.), Բարձրաքաշ Ս. Գրիգոր (Х 111 դ.) վանքերը, Դսեվանքը (XIII դ.), Կայան բերդը (X—XIII դդ.), Կայծոն ամրոցը (X դ.), Սանահինի կամուրջը (XIII դ.) ևն: Տնտեսությունը: Նախասովետական տարիներին շրջանի տնտեսությունը հետամնաց ագրարային բնույթ ուներ: Որոշ չափով կար լեռնահանքային արդյունաբերություն, որը պատկանում էր օտարերկրյա (հատկապես ֆրանս.) և ռուս, ընկերություններին: Սովետական տարիներին այստեղ ձևավորվել է արդ. կարևոր հանգույց (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Թումանյան): Շրջանի տնտեսությունն այժմ ունի ինդուստրիալ-ագրարային բնույթ, համախառն արտադրանքի կեսից ավելին տալիս է արդյունաբերությունը (առանց Ալավերդի քաղաքի): Գործում են Թումանյանի հրակայուն նյութերի գործարանը, Ախթալայի բազմամետաղների (կապար, ցինկ) և բարիտի հանքերն ու հանքահարստացուցիչ ֆաբրիկան: Զարգացած են շինանյութերի (Ախթալայի շինարարական իրերի կոմբինատ, Քարկոփի խճի գործարան), փայտամշակման 239 (Դսեղի փայտամշակման կոմբինատ) և սննդի արդյունաբերությունը: 1977-ին շահագործման է հանձնվել Ախթալայի պտղի պահածոների գործարանը: Շրջանին էլեկտրաէներգիա են մատակարարում Ձորագետի ՀԷԿ-ը և Հայկական միասնական էներգահամակարգը: Նախատեսվում է կառուցել Շնողի ՀԷԿ-ը (ամենախոշորը Դեբեդի կասկադում): Աշխատանքներ են կատարվում ջրային ռեսուրսները արդ. կեղտաջրերից պաշտպանելու ուղղությամբ: Գյուղատնտեսությունն աչքի է ընկնում զարգացած անասնապահությամբ և պտղաբուծությամբ: Կարևոր ճյուղերից են նաև ծխախոտագործությունն ու բանջարաբուծությունը: Հողային ֆոնդի (111 հզ. հա) ավելի քան կեսն զբաղեցնում են անտառները (անտառներով զիջում է Իջևանի և Շամշադինի շրջաններին), 7,9 ը՝ վարելահողերը, 40 ը՝ արոտավայրերը, խոտհարքները և օգտագործման պիտանի այլ հողատարածությունները, մոտ 20 ը՝ բազմամյա տնկարկները: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կեսից ավելին ստացվում է անասնապահությունից: Գերակշռում է կաթնատու տավարաբուծությունը (22,5 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, այդ թվում կովեր՝ 8,7 հզ., 1975): Ոչխարաբուծությունը (45,5 հզ. գլուխ) ունի մսաբրդակաթնատու ուղղություն: Զարգացած է խոզաբուծությունը (10,6 հզ. գլուխ, երրորդ տեղը հանրապետությունում՝ Շամշադինի և Նոյեմբերյանի շրջաններից հետո): Զգալի զարգացում ունեն թռչնաբուծությունն ու ձիաբուծությունը: Արդ. եղանակով անասնապահության վարման օրինակ է Ահնիձորում ստեղծված՝ խոշոր եղջերավոր անասունների բարձր մթերատու երինջների աճեցման միջտնտեսային միավորումը, որն ապահովում է հանրային հոտի վերարտադրությունը: Նախատեսվում է ստեղծել կաթնապրանքային խոշոր տնտեսություններ (Օձունի, Լորուտի, Աթանի, Դսեղի սովետական տնտեսությունների բազայի վրա), ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը կենտրոնացնել զարգացման համար նպաստավոր պայմաններ ունեցող տնտեսություններում: Հողագործության մեջ առաջատար դեր ունի այգեգործությունը (2266 հա 1974), հիմնականում՝ պտղաբուծությունը, որն առավել զարգացած է Շնողի և Ճոճկանի սովետական տնտեսություններում: Ցանքատարածություններն զբաղեցնում են 7,6 հզ. հա (1974), որից 4,8 հզ. հա՝ կերային (այդ թվում բազմամյա խոտհարքներ), 1,4 հզ. հա՝ հացահատիկային, 1,2 հզ. հա՝ բանջարաբոստանային կուլտուրաներ: Մշակում են կարտոֆիլ (հանրապետության ապրանքային կարտոֆիլամշակման շրջաններից մեկն է) և ծխախոտ (164 հա): Զգալի աշխատանք է կատարվում գյուղատնտեսության ինտենսիվացման ուղղությամբ: Ընդլայնվում են ոռոգվող հողատարածությունները: Լոռու ջրանցքի հզորությունն ավելացնելու նպատակով Կողեսի ձորում՝ Տաշիր գետի վրա, կառուցվում է ջրհան կայան: Նախատեսվում է հզորացնել Այրումի, Ճոճկանի, ինչպես և շահագործման հանձնել Արճիսի ջրհան կայանները, Շնողում կառուցել ջրամբար: Բարձրացել է անասնապահության մեքենայացման մակարդակը: Շրջանի գյուղատնտեսությունը IX հնգամյակում ստացել է 7,7 մլն ռ. գյուղատնտ. տեխնիկա և նյութեր: Թ. շ-ի տերիտորիայում է գտնվում ՀԱՍՀ-ի հս. գլխավոր դարպասը (Լոռու ձոր): Դեբեդի կիրճով անցնում է Երևան Թբիլիսի երկաթուղու 48 կմ հատվածը: Ունի 978 կմ խճուղի: Բոլոր բնակավայրերը ավտոճանապարհներով կապված են շրջկենտրոնի հետ, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից: Կա կապի 11 բաժանմունք: Առողջապահությունը: Թ. շ-ում կա 6 հիվանդանոց (210 մահճակալով, առանց Ալավերդու շրջանային հիվանդանոցի), 18 բուժական-մանկաբարձական կետ, 7 դեղատուն: Բուժաշխատողների թիվը 239 է, որոնցից 26-ը՝ բժիշկներ: Ախթալայում գործում է լեռնակլիմայական առողջարան-հանգստյան տունը: Մշակույթը: 1975—76 ուս. տարում շրջանում կար 11 միջնակարգ, 23 ութամյա, 2 տարրական դպրոց (8,7 հզ. աշակերտ, 631 ուսուցիչ), պտղաբուծական տեխնիկում (Ալավերդի), երաժշտական դպրոց (Օձուն), 39 մսուր-մանկապարտեզ (1300 երեխա): Գործում են 37 մասսայական գրադարան, 33 ակումբ և մշակույթի տուն, Դսեղում գործում է Թումանյանի տուն-թանգարանը: Լույս է տեսնում «Լոռի» (1965-ից) շրջանային թերթը: Թումանյանի շրջանի բնակավայրերը Աթան, Ախթալա, Ախթալա հանգստյան տանը կից ավան, Ակներ, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Թումանյան, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ երկաթուղային կայարանին կից ավան, Հաղպատ, Արևածագ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամլուղ, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզիա, Վերին Ախթալա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոֆ, Քոբեր երկաթուղային կայարանին կից ավան, Օձուն (Ուզունլար):

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը: Մ. Դուլյան