ՀՍՀ/ԹՈՒՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, տոքսիկոլոգիա (հուն թույն և յոգիա), գիտություն օրգանիզմի վրա թունավոր նյութերի ազդեցության մասին, ուսումնասիրում է թունավոր նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ազդեցության մեխանիզմները, օրգանիզմում առաջացած ախտաբանական փոփոխությունները, ինչպես նաև հայտնաբերում թունավորումների կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցների անտիդոտներ (հակաթույներ): Թ. հնարավորություն է ստեղծում նաև թույների ազդեցության օգտակար օգտագործման համար: Թ. պատմականորեն զարգացել է որպես դատական բժշկության մասնաճյուղ, որը պայմանավորված էր կանխամտածված թունավորումների ախտորոշման անհրաժեշտությամբ (դատական Թ.): Հետագայում, կապված արդյունաբերության զարգացման հետ, հիմնվեց նաև արդյունաբերական (արտադրական կամ մասնագիտական) Թ., որն ուսումնասիրում է արտադրության մեջ օգտագործվող և ստացվող նյութերի վնասակար ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա: ՍՍՀՄ-ում արդ. Թ. սերտորեն առնչվում է աշխատանքի հիգիենայի հետ: Արտադրական Թ-յան զարգացումը պատճառ հանդիսացավ կլինիկական Թ-յան առաջացման, որն ուսումնասիրում է թունավորումների բուժման հարցերը: Գյուղատնտեսական Թ. հնարավորություն է ստեղծում ինսեկտիցիդների, հերբիցիդների, ֆունզիցիդների և այլ թունաքիմիկատների օգտագործման համար: Ռազմական Թ. ուսումնասիրում է մարտական թունավոր նյութերից առաջացած թունավորումները և սանիտարա-քիմիական պաշտպանության հարցերը: Բժշկական կամ դեղագործական Թ., հայթայթում է նյութեր, որոնք թունավոր ներգործություն ունեն ախտածին մանրէների և մակաբույծների վրա, իսկ մարդու համար անվտանգ են (տես Քիմիաբուժություն), և նյութեր, որոնք ազդում են օրգանիզմի միայն ախտաբանական հյուսվածքների վրա: Գոյություն ունեն նաև սննդային թունավորումների, բակտերիային տոքսինների, անասնաբուժական և ռադիոակտիվ նյութերի Թ-յան բաժիններ: Թ-յան զարգացումը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ 1. դիտողական կամ էմպիրիկ, ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև XIX դ. կեսը, և գիտական՝ XIX դ. կեսից մինչև այժմ: Թունավոր նյութերի ազդեցության նկարագրության առաջին փորձերը կատարել է Դիոսկորիդը (մ. թ. I դ.): Նրա «De materia medica» և «Alexipharmaca» աշխատությունները
Թ-յան վերաբերյալ առաջին մենագրություններն են: Ռուսաստանում Փորձառական Թ. սկսել է զարգանալ XIX դ. 50-ական թթ., հիմնադիրն է պրոֆեսոր Ե. Վ. Պելիկանը: Հայաստանում Թ-ական առաջին հետազոտությունները կատարել են 30-ական թթ. Գ. Ա. Մեդնիկյանը և. Մ. Հ. Միրզոյանը, իսկ արդ. Թ.՝ 40-ական թթ. Ս. Հ. Միրզաբեկյանի նախաձեռնությամբ Սանիտարա-բակտերիալոգիական գիտահետազոտական ինստ-ում հիմնվել է աշխատանքի հիգիենայի լաբորատորիա, այնուհետև Երևանի բժշկ. ինստ-ում՝ աշխատանքի հիգիենայի ամբիոն: 1959-ին հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկ. ԳՀԻ (ներկայումս ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնաւ հիվանդությունների ինստ.), որի արդ. Թ-յան լաբորատորիայում հետազոտվել են մի շարք քիմ. վնասակար միացությունների ազդեցությունները և հիմնավորվել դրանց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Թ-յան հետագա զարգացումը Հայաստանում կապված է պեստիցիդների, պոլիմերների և պլաստմասսաների կիրառման, թունաբանության համամիութենական գիտահետազոտական ինստ-ի, ինչպես նաև «Պոլիմեր» համամիութենական գիտահետազոտական ինստ-ի հայկ. բաժանմունքների հիմնադրման հետ:
Գրկ. Саноцкий И. В. и др., Методы определения токсичности и опасности химических веществ, М., 1970 Альберт Э., Избирательная токсичность, пер. с англ., М., 1971 Голубев А. А. И др., Количественная токсикология, Л., 1973 Лазарев Н. В., Вредные вещества в производстве, ч. I, Ш, Л., 1975.
