ՀՍՀ/ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ, տարբեր նյութերի ու դետալների տաքացման արդյունաբերական վառարան, ունի ուղղագիծ, օղակաձև կամ П-ձև թունելատիպ աշխատանքային տարածություն: Տաքացվող շինվածքները էլեկտրական կամ պնևմատիկ հաղորդակների օգնությամբ անընդհատ կամ պարբերաբար տեղաշարժվում են թունելի շարժական հատակի կամ վագոնիկների վրա բարձված, փոխադրիչներով կամ զամբյուղների մեջ: Թ. վ-ները տաքացվում են հեղուկ կամ գազային վառելիքով, երբեմն՝ էլեկտրականությամբ: Օգտագործվում է մետաղե շինվածքների ջերմամշակման համար, աղյուսի ու խեցեղենի արտադրության մեջ, փայտանյութի չորացման, նրանից փայտածխի ստացման և այլ նպատակներով: Թունելի երկարությունը՝ կախված վառարանի նշանակումից 30—120 մ է, իսկ ջերմաստիճանը՝ 80 100°C-ից մինչև 1400—1450°C:
