Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՐՔԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒՐՔԵՐ (ինքնանվանումը՝ թյուրք, о սմանլը), ազգ, Թուրքիայի հիմնական բնակչությունը (ավելի քան 35 մլն, 1975): Ապրում են նաև Բուլղարիայում (ավելի քան 700 հզ.), Հարավսլավիայում (մոտ 200 հզ.), Հունաստանում (մոտ 100 հզ.), Կիպրոսում (մոտ 100 հզ.), Ռումինիայում (15 հզ.), Իրաքում (10 հգ.). ՍՍՀՄ-ում (79 հզ.): Լեզուն թուրքերեն է. պատկանում է ալթայան լեզվաընտանիքի թյուրքական խմբի հվ-արմ. (օղուզական՝) ենթախմբին: Մեծ մասը սուննի մահմեդականներ են: Հիմնականում պատկանում են հվ. եվրոպեոիդների միջերկրածովյան խմբին, գրեթե իսպառ կորցրել են թյուրքական ցեղերին հատուկ նախնական մարդաբանական գծերը: Նրանց բնորոշ են սև կամ շագանակագույն ալիքաձև մազերը, խիստ զարգացած երրորդային մազածածկույթը, լայն նշակերպ աչքերը, նեղ դուրս ցցված քիթը, թույլ զարգացած այտոսկրերը: Թ. ազգության կազմավորումն ավարտվել է XV դ.: Թ. ձևավորվեւ են Միջին Ասիայից Փոքր Ասիա գաղթած XI—Х III դդ. թյուրքական քոչվոր անասնապահական ցեղերի և տեղաբնիկների միախառնումից: Թ-ի մի մասը (ուզեր, պեչենեգներ ևն) Փոքր Ասիա է թափանցել Բալկաններից, ձուլել տեղացի մի շարք ժողովուրդների, ընդունել նրանց նյութական և հոգևոր մշակույթի տարրերը: XIII դ. խույս տալով մոնղոլական արշավանքներից՝ Միջին Ասիայից և Իրանից Անատոլիա թափանցեցին բազմաթիվ թյուրքական (հիմնականում՝ թուրքմեններ) և ուրիշ ցեղեր: XV դ. Թ. գրավեցին Փոքր Ասիան և միավորեցին թյուրքական ցեղերը, տեղաբնակների (հայեր, հույներ, արաբներ ևն) մի մասը ոչնչացվեց, մնացածը ձուլվեց: XV—XVI դդ. Թ. չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավանական՝ մուսուլման անվանումը: Դեռևս XIX դ. 30 ական թթ. Թուրքիայում 7 մլն թուրքից բացի բնակվում էին 2 մլն-ից ավելի հայեր, մոտ 2 մլն քրդեր, 1-1,5 մլն հույներ, ինչպես նաև աջարներ, հրեաներ, ալբանացիներ, բոսնիացիներ, խորվաթներ ևն, որոնք կազմում էին բնակչության 45 ը: Մոտ 2 մլն մարդ ընդգրկում էին թուրքական ազգագրական խմբերը՝ թուրքմենները և յուրյուքները (քոչվորներ): Դեռևս լրիվ չէին ձուլվել թախտաջիները, աբդալները, զեյբեկները: Առ այսօր շարունակվում է համշենցիների (մեծ մասամբ՝ մահմեդականացած հայեր) միաձուլումը: XX դ. սկզբին ձևավորվեց թուրքական ազգը: Էթնիկական ձևավորման ողջ ընթացքում նրանց մշակույթն ու լեզուն ներառել է հունական, հայկական, վրացական, բալկանյան ժոդովուրդների լեզվական և մշակութային տարրեր: Թի մեծագույն մասը զբաղվում է երկրագործությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ (հիմնականում՝ ոչխարաբուծությամբ): Գյուղատնտեսության մեջ գերիշխում է պարզագույն տեխնիկան (գութան, արոր, տափան, մանգաղ, երկանիվ սայլ ևն): Տնայնագործական արհեստներից առավել զարգացած են գորգագործությունը բրդյա գործվածքների պատրաստումն ու կաշեգործությունը: Ընտանեկան հարաբերություններում գերիշխում է հայրիշխանական կարգը: 1926-ից պետականորեն արգելված է բազմակնությունը: Չնայած 1934-ից կանանց շնորհված է տղամարդկանց հավասար իրավունքներ, նրանք փաստորեն ճնշված իրավական դրության մեջ են:

Գրկ. Երեմեև Դ. Ե., Թուրքերի ծագումը, Ե., 1975: