Jump to content

ՀՍՀ/ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏ, ղեկավարվող հարմարանք մոլորակի մթնոլորտում կամ տիեզերական տարածությունում թռչելու համար: Թ. ա. օգտագործվում է մարդկանց և բեռների փոխադրման, գյուղա-տնտ., շինարարական աշխատանքների, գիտ. հետազոտությունների, ռազմ, նպատակների համար: Տարբերակում են մթնոլորտային և տիեզերական Թ. ա.: Մթնոլորտային Թ. ա. իրենց հերթին բաժանվում են երկու դասի, օդից թեթև և օդից ծանր ապարատներ: Թ. ա-ի վրա ազդող ուժերը: Թ. ա-ի վրա ազդում են մոլորակի և երկնային մյուս մարմինների ձգողության ուժերը, իսկ մթնոլորտում թռչելիս՝ նաև միջավայրի դիմադրությունը: Այս ուժերի ազդեցությունը հաղթահարվում է վերամբարձ և քարշի ուժերի շնորհիվ, որոնք օգտագործվում են նաև Թ. ա-ի ղեկավարման համար: Վերամբարձ ուժը ստեղծվում է երեք սկզբունքով՝ աերոդինամիկ, աերոստատիկ, գազադինամիկ: Աերոստատիկ կամ Արքիմեդի ուժը առաջանում է Թ. ա-ի թաղանթի մեջ լցված գազի և մթնոլորտային գազի խտությունների տարբերության պատճառով, ուղղված է ուղղաձիգ վեր և ազդում է Թ. ա-ի արտաքին մակերևույթի վրա (նկ. 1, տես Արքիմեդի օբենք): Աերոդինամիկ ուժը նույնպես ազդում է Թ. ա-ի արտաքին մակերևույթի վրա և պայմանավորված է նրանով, որ մթնոլորտը Թ. ա. շրջհոսում է ասիմետրիկ (նկ. 2): Աերոդինամիկ ուժի՝ թռիչքի ուղղությանն ուղղահայաց բաղադրիչը կոչվում է վերամբարձ ուժ, իսկ զուգահեռ և հակառակ ուղղվածը՝ աերոդինամիկ դիմադրություն: Առաջին բաղադրիչի հարաբերությունը երկրորդին կոչվում է աերոդինամիկ հատկություն: Վերամբարձ ուժի ստեղծման գազադինամիկ սկզբունքում օգտագործվում է գազի ճնշումը ռեակտիվ շարժիչի ներքին մակերևույթի վրա (նկ. 3): Օդային պտուտակի կամ ռեակտիվ շարժիչի ստեղծած քարշի ուժը հավասար է իրենց արտանետած գազի շարժման քանակի աճին: Պտուտակը շարժման մեջ է դրվում մխոցային կամ գազատուրբինային շարժիչով: Ռեակտիվ շարժիչները լինում են օդառեակտիվ և հրթիռային: Պտուտակային և օդառեակտիվ շարժիչները քարշի ուժ ստեղծելիս որպես բանող նյութ օգտագործում են մթնոլորտային գազը (օդը): Հրթիռային շարժիչի բանող նյութը տեղավորում են հենց Թ. ա-ի վրա, ուստի այդ շարժիչը կարելի է օգտագործել և մթնոլորտում, ե տիեզերքում թռչելու համար: Եթե շարժիչի ստեղծած ուժի ուղղությունը և թռիչքի ուղղությունը չեն համընկնում, ապա այդ ուժը կարելի է տրոհել երկու բաղադրիչների՝ վերամբարձ ուժի (թռիչքի ուղղությանն ուղղահայաց) և քարշի ուժի (թռիչքի ուղղությանը զուգահեռ): Քարշի և վերամբարձ ուժերի ստեղծումը կատարվում է քիմ. կամ ատոմային էներգիայի հաշվին: Տիեզերական Թ. ա-ում հնարավոր է նաև արևի էներգիայի օգտագործումը: Օդից թեթև. Թ. ա. (օդապարիկ, դիրիժաբլ ևն): Այս դասի ապարատների վերամբարձ ուժը աերոստատիկ բնույթ ունի (տես Օդագնացություն): Օդապարիկը ստեղծում է միայն վերամբարձ ուժ, հորիզոնական տեղաշարժը կատարվում է քամու օգնությամբ: Օդապարիկի ղեկավարումը սահմանափակվում է թռիչքի բարձրության կարգավորմամբ, որը իրագործվում է նրա կշռի և ծավալի փոփոխմամբ: Դիրիժաբլը ունի օդային պտուտակներ, որոնք շարժման մեջ են դրվում շարժիչների օգնությամբ: Օդապարիկի ղեկավարման միջոցներից բացի դիրիժաբլում օգտագործում են նաև աերոդինամիկ ղեկեր: Օդից ծանր Թ. ա. (ինքնաթիռ, ճախրաթիռ, ուղղաթիռ ևն): Այս դասի ապարատների վերամբարձ ուժը հիմնականում ունի աերոդինամիկ բնույթ: Որոշ դեպքերում օգտագործվում է վերամբարձ ուժ ստեղծելու գազադինամիկ սկզբունքը: Օդից ծանր Թ. ա-ից ամենատարածվածը ինքնաթիռն է: Վերամբարձ ուժը հիմնականում ստեղծում է թևը: Ֆյուզելաժի և ուղղյակների (տես Ուղղյակներ ինքնաթիռի) վերամբարձ ուժը ընդհանուրի շատ փոքր մասն է կազմում: Դիտարկվում են հիպերձայնային արագության ինքնաթիռների նախագծեր, որտեղ վերամբարձ ուժը ստեղծում է հիմնականում ֆյուզելաժը: Ինքնաթիռի քարշի ուժը ստեղծում են մխոցային, գազատուրբինային կամ օդառեակտիվ շարժիչները: Հրթիռային շարժիչը հազվադեպ է օգտագործվում ինքնաթիռի համար: Ինքնաթիռը ղեկավարվում է աերոդինամիկ մակերևույթներով և քարշի ուժի փոփոխությամբ: Թևի վերամբարձ ուժը փոփոխվում է մոտավորապես թռիչքի արագության քառակուսուն համեմատական: Փոքր արագությունների դեպքում թևի վերամբարձ ուժը չի բավականացնում ինքնաթիռը գետնից բարձրացնելու համար: Յուրաքանչյուր ինքնաթիռի համար գոյություն ունի նվազագույն արագություն, որի դեպքում թևի վերամբարձ ուժը հավասար է ինքնաթիռի կշռին: Ուստի վերսլացքի համար անհրաժեշտ արագությունը ձեռք բերելու, ինչպես և վայրէջքի ժամանակ արագությունը մարելու համար կառուցում են բավարար երկարություն ունեցող թռիչքուղիներով օդանավակայաններ: Նվազագույն արագության փոքրացումը կատարվում է թևի վերամբարձ ուժի մեծացման հաշվին: Վերամբարձ ուժ կարող են ստեղծել նաև անշարժ Թ. ա.: Դրա համար ապարատի թևերը պետք է շարժվեն իրանի նկատմամբ: Հայտնի են թափահարող և տատանվող թևերով Թ. ա-ի նախագծեր: Մեծ կիրառություն ունի ուղղաթիռը, որի պտուտակը կարելի է դիտել որպես մոտավորապես հորիզոնական հարթության մեջ պտտվող թևերի համակարգ: Պտտման հարթությունը թռիչքի ուղղությամբ թեքելիս ստեղծվում է ոչ միայն վերամբարձ, այւև քարշի ուժ: Գոյություն ունեն ինքնաթիռներ, որոնց պտուտակների պտտման հարթությունը կարող է փոխվել հորիզոնականից մինչև ուղղաձիգ: Այս տիպի ինքնաթիռները կարող են կատարել ուղղաձիգ վերսլացք-վայրէջք: Վերամբարձ ուժ ստեղծելու գազադինամիկ սկզբունքը նույնիսկ ռեակտիվ ինքնաթիռին հնարավորություն է տալիս թռչելու փոքր արագությամբ, «կախվել» օդում, կատարել ուղղաձիգ վերսլացք: Այդ իրագործվում է ռեակտիվի շարժիչի գազային շիթը հատուկ հարմարանքների օգնությամբ ներքև ուղղելով կամ ուղղաձիգ տեղադրված շարժիչների օգնությամբ: Տիեզերական Թ. ա. (միջմոլորակային ավտոմատ կայան, արհեստական արբանյակ, տիեզերանավ ևն): Տիեզերական թռիչքի տարբեր փուլերի մեծ առանձնահատկությունների շնորհիվ տիեզերական Թ. ա. պատրաստում են բազմաբադադրիչ: Հիմնական ավտոնոմ մասերն են. մեկնարկային հրթիռ, ուղեծրային կամ միջմոլորակային նավ, մոլորակի վրա իջեցվող ապարատ: Մեկնարկային հրթիռը Թ. ա. հասցնում է ուղեծրայինին հավասար կամ գերազանցող արագության: Հրթիռի ղեկավարումը իրագործվում է շարժիչների քաշի մեծության և ուղղության փոփոխմամբ, իսկ մթնոլորտի առկայության դեպքում՝ նաև աերոդինամիկ ղեկերով: Ուղեծրային և միջմոլորակային նավերը ղեկավարվում են հրթիռային շարժիչների օգնությամբ: Շարժիչում բանող նյութի օգտագործման արդյունավետությունը ուղիղ համեմատական է արտանետվող գազի արագությանը: Մշակվում են տիեզերական Թ. ա-ի շարժիչներ, որոնք զարգացնում են շատ ավելի մեծ արագություն, քան ռեակտիվ շարժիչը (պլազմային շարժիչ, հրթիռային էլեկտրաստատիկ շարժիչ): Տիեզերական Թ. ա. թռիչքի վերջին փուլում արգելակվում է հրթիռային շարժիչի օգնությամբ: Եթե մոլորակը զուրկ է մթնոլորտից, ապա հրթիռային արգելակը գործում է ընդհուպ մինչև գետնին հպվելը, իսկ եթե մոլորակը մթնոլորտ ունի, ապա օգտագործվում են նաև աերոդինամիկ ուժեր: Վերամբարձ ուժի փոփոխման միջոցով Թ. ա-ի վայրէջքի ղեկավարումը հնարավորություն է ընձեռում մեծացնելու վայրէջքի ճշգրտությունը: Այժմ փորձարկվում են տիեզերական Թ. աներ, որոնք վերսլացք և վայրէջք են կատարում ինքնաթիռի նման:

Գրկ., տես Ավիացիա, Օդագնացություն, Տիեզերագնացություն հոդվածների գրականությունը: