Jump to content

ՀՍՀ/ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԱՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԱՐՔ (ԹՍ), թվանշանային հաշվողական մեքենայի (ԹՀՄ) հիմնական սարքերից, որը կատարում է թվաբանական և տրամաբանական գործողություններ: Ցանկացած թվաբանական կամ տրամաբանական գործողության կատարումը ԹՍ-ում վեր է ածվում տարրական գործողությունների և միկրոգործողությունների հաջորդական կամ զուգահեռ կատարման: Թվաբանական գործողություններ են գումարումը, հանումը, բազմապատկումը, բաժանումը, արմատ հանելը ևն: Դրանց մի մասը, ինչպես նաև աստիճան բարձրացնելը, լոգարիթմների, եռանկյունաչափական ֆունկցիաների ևն արժեքների որոշումը հաճախ կատարվում են ստանդարտ ենթածրագրով: ԹՀՄ-ի հիմնական գործողությունը գումարումն է, որին բերվում են մնացած թվաբանական գործողությունները: ԹՍ կապված է հիշող սարքի և կառավարման կենտրոնական սարքի հետ: Բաղկացած է մի քանի ռեգիստրներից, գումարիչներից, տրամաբանական շղթաներից և կառավարման տեղական սարքից: ԹՍ-ի հիմնական բնութագիրը և կառուցվածքը կախված են թվարկության համակարգից, թվերի կարգայնությունից, պահանջվող արագագործությունից, գործողությունների կատարման և նրանց արագացման ալգորիթմներից, կիրառվող սխեմաների տիպից և նրանց միջև եղած կապերից: Ըստ գումարման կիրառվող եղանակի տարբերում են հաջորդական (թվերը գումարիչին մատուցվում են կարգ առ կարգ), զուգահեռ (բոլոր կարգերը միաժամանակ են տրվում զումարիչին) և հաջորդական-զուգահեռ կարգերը խումբ առ խումբ են տրվում գումարիչին (գործողության ԹՍ-եր): Ըստ ընդունված թվարկության համակարգի ԹՍ լինում է երկհիմն (առավել տարածված են), տասնհիմն և երկտասնհիմն, ըստ թվերի ներկայացման ձևի՝ ֆիքսած ստորակետով և սահող ստորակետով:

Գրկ. Гаврилов Ю. В., Пучко А. Н., Арифметические устройства быстродействующих ЭЦВМ, М., 1970.

Ա. Պետրոսյան